Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու, նախարարության աշխատանքները կանոնակարգելու և կառավարելու համար:
«Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի»,- ասել է Կարեն Կարապետյանը և տվել հանձնարարականներ:
Վարչապետը հանձնարարել է 2016 թվականից ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա իրականացնել և ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորումն ու դրանց առջև դրված խնդիրները: «Պարոն Տոնոյանից ակնկալում ենք կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքներում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է այդ համակարգը ներդնել ու փորձարկել 10 համայնքներում, այնուհետև շարունակական ծրագրերի միջոցով այն տարածել այլ համայնքների վրա:
Վարչապետը հանձնարարել է ընդլայնել կամավորական փրկարարական կազմավորումների գործունեությունն ու կարևորել կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումն ու դրանց աշխատանքների ընդլայնումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը:
Կարեն Կարապետյանը կարևորել է նաև պետական պահուստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, հնարավոր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողության սահմանումը, այդ թվում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների ռեակտիվ ներգործության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրի մշակման աշխատանքների և դրանց մոնիթորինգների իրականացման ուղղությամբ: