կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 10:34
Հասարակություն

Կանոնավոր բանակն անկախության երթը դարձրեց անշրջելի. ՀՅԴ ԳՄ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

Կանոնավոր բանակն անկախության երթը դարձրեց անշրջելի. ՀՅԴ ԳՄ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով: Yerkir.am-ը ներկայացնում է այն ամբողջությամբ.

«ՀՀ Զինված ուժերի կազմավորումը հայ ժողովրդի պատմության շրջադարձային էջերից մեկն է, հայոց նորանկախ երկու հանրապետությունների սահմանների անվտանգության ապահովման և հետագա վերելքի առանցքային գրավականը: Անցնելով կազմավորման մի քանի փուլեր՝ Զինված ուժերը կրել են այն նույն դժվարությունները և անցել այն նույն փորձություններով, որոնք ապրել և հաղթահարել է հայ ժողովուրդը՝ վերջին երեսնամյակում:

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծմամբ հայոց բանակաշինությունն ապրեց իր շրջադարձային փուլը, մի շրջան, երբ մի կողմից կամանորական գնդերից ստեղծվում էր կանոնավոր բանակը, մյուս կողմից ընթանում էր հայ-ադրբեջանական արյունալի պատերազմը: Շնորհիվ աննահանջ պայքարի՝ հայ ժողովուրդը պատվով անցավ այդ փուլը ևս՝ 1994 թ. մայիսին ազդարարելով և՛ պատմական հաղթանակի, և՛ բանակաշինության նոր փուլի մեկնարկի մասին:

Հայաստանի պաշտպանական համակարգի ստեղծումը հայոց պետականության հիմքերը դարձրեց առավել ամուր, անկախության երթը՝ անշրջելի:

Անցնող երեսնամյակում մեզ հաջողվել է ստեղծել տարածաշրջանում հայոց քաղաքակրթական ներկայության առանցքային երաշխիքներից գլխավորը՝ մարտունակ բանակը: Այս հաստատումը ևս մեկ անգամ փաստվեց 2016 թ. Ապրիլյան պատերազմով, երբ հերթական անգամ չեզոքացվեցին Ադրբեջանի դավադիր գործողությունները:

Նոր իրողությունների պայմաններում, երբ հայոց ազգային արժեքների դեմ նկատելի են ակնհայտ ոտնձգություններ, առավելագույն ջանքեր են անհրաժեշտ՝ զինված ուժերը զերծ պահել նման դրսևորումներից: Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ թույլ չտալու, որպեսզի զինված ուժերը համազգային փայփայանքի արգասիքից վերածվեն կասկածելի աղբյուրներից սնվող, ազգություն և հայրենիք մերժող տեսակների գործողությունների թիրախի:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր աշխարհասփյուռ կառույցի, ուղեկից միությունների և կազմակերպությունների ներուժը՝ ինչպես Արցախյան գոյապայքարի, Ապրիլյան քառօրյայի շրջանում կամավորական ջոկատների կազմավորման և մասնակցության, այնպես էլ համեմատաբար խաղաղ պայմաններում բանակաշինությանն օժանդակելուն ուղղված ծրագրերի տեսքով, շարունակելու է ծառայեցնել ի շահ հայրենիքի և հայոց բանակի: 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց փառապանծ բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով և մաղթում նորանոր հաղթանակներ:

 Շնորհավո՛ր ծնունդդ, Հայո՛ց բանակ:

28.01.2020 թ.»: