Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը ՀՀ-ն տոնելու է անկախության 26-ամյակը: Անկախության այս տարիների ձեռքբերումների և բացթողումների մասին լրագրողների հետ զրուցեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով` առաջին հանրապետությունն էր մեծ ձեռքբերում, որի հենքի վրա էլ հետո ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այնուհետև` Հայաստանի երրորդ Հանրապետությունը:
«Անկախության հանրաքվեին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, 94,33 տոկոսը ձայն տվեց անկախության օգտին»,- հիշեցրեց Մինասյանը:
Իսկ թե ի՞նչ ձեռքբերումներ ենք մենք ունեցել այս տարիների ընթացքում, նա նշեց մի քանի կարևորագույն իրադարձություններ: «Ձեռքբերումներից են` խոսքի, մամուլի ազատություն, բազմակուսակցական համակարգի գոյություն, հոգևոր մշակութային ոլորտում գաղափարական սահմանափակումների վերացում, հայոց ազգային բանակի ստեղծում, որը մեր ամենամեծ ձեռքբերումն է, մեր անվտանգության երաշխավորը, ինտեգրում միջազգային կառույցներին»,- թվարկեց Մինասյանը և նշեց, որ այս և այլ ձեռքբերումներից առաջ մենք ունեցանք պետական կառույց:
Նրա խոսքով` այս ամենի հետ մեկտեղ կան որոշակի թերացումներ, բացթողումներ: «Անկախությունն իր հետ բերեց նաև բացասական երևույթներ` աղքատություն, այնուհետև` արտագաղթ, որը կարելի է ասել ամենաբացասական երևույթն է և այսօր էլ շարունակվում է, կոռուպցիայի որոշ երևույթներ, սոցիալական բևեռացում, որն ակնհայտ է հասարակության մեջ»,- ասաց պատմաբանը, ապա հավելեց, որ այս խնդիրներն են աստիճանաբար լուծման փուլում են:
Հանդիպմանը ներկա քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ համաձայնեց Մինասյանի թվարկած ձեռքբերումների և բացթողումների հետ և նշեց, որ եթե քաղաքական գնահատական տանք անկախության այս տարիներին, պետք է նշենք մի շարք բացթողումներ, որպեսզի դրանցից դասեր քաղենք:
Նրա կարծիքով` մենք մեծ ոգևորությամբ որոշակի օրենքներ ենք ընդունել, որոշակի միջազգային փորձ ենք ուզեցել տեղայնացնել` օրենքների տեսքով, բայց եղել են բացթողումներ: «Իրականությունն օրենքներին չհամապատասխանեց, և բացթողումներ եղան»,- ասաց Ղազարյանը:
Նա անկախության տարիների ձեռքբերումներից ամենակարևորը համարեց սահմանադրական փոփոխությունները, որով Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական համակարգի:
«Պատահական չէ, որ ունեցանք ազգային Սահմանադրություն, որը 10 տարին մեկ վերանայվեց` մինչև եղավ լիարժեք խորհրդարանական համակարգ: Համակարգային փոփոխություն տեղի ունեցավ, որովհետև արդեն ինքնին այլևս կենսունակ չէր կիսանախագահական կամ կիսախորհրդարանական կառավարման համակարգը, և վերը նշված բացթողումները կապված էին հենց Սահմանադրության այդ ճգնաժամի հետ»,- եզրափակեց Ղազարյանը: