կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-27 11:15
Քաղաքական

Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան

Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է դաշինքների ձեւավորմանը եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձին: Սերժ Սարգսյանի ելույթի այդ մասը՝ ստորեւ:

«Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է:

Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում:

Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու:

Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք:

Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում»: