Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործի կարճման մասին: Հիշեցնենք, որ Yerkir.am-ն օրեր առաջ գրել էր, որ մինչ այս պահը քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չկա, և որ շուտով քրգործի վարույթը կկարճվի:
«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:
Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական ‘‘LGT’’ բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։
Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
Այս ընթացքում Միհրան Պողոսյանն ակտիվորեն գովազդում է իր ղեկավարած «Քեթրին» ՀԿ-ն ու ՀԿ-ի կողմից իրականացված բարեգործական աշխատանքները, որպեսզի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: