Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ` Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում, շփման գծի հերթական պլանային դիտարկումն է անցկացրել։ Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, և կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Անցած տարվա ապրիլյան պատերազմից և օրեր առաջ Հայաստանի Չինարի գյուղի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հարձակումից հետո ԵԱՀԿ-ի մոնիթորինգային խմբի` նման դիտարկումները վերածվել են ավելորդ ժամավաճառության: Միջոցառում, որը ոչ մի նշանակություն չունի ո՛չ հրադադարի պահպանման, ո՛չ բանակցային գործընթացի և ո'չ էլ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ իրական պատկեր ապահովելու առումով: Ընդամենը երեկ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 900-ից ավելի կրակոց: Ընդ որում՝ ամենաինտենսիվ խախտումներն արձանագրվել էին սահմանի հենց այն հատվածում (Մարտունի), որտեղ իրականացվել է ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի դիտարկումը:
Իրավիճակը վաղուց այնպիսին է, որ այլևս ոչ թե հրադադարի ռեժիմը խախտել-չխախտելու խնդիրն է ակտուալ, այլ ամենօրյա ռեժիմով խախտումների մասշտաբների, դրանում կիրառված զինատեսակների, դրանց տրամաչափերի մեծացման կամ փոքրացման: Անգամ այն դեպքում, երբ ամեն օր հակառակորդը հրադադարը խախտում է միջին հաշվով 40-50 անգամ, գործադրելով դիպուկահար խոշոր տրամաչափի հրազենային միջոցներ, երբեմն էլ` ականանետներ կամ նռնականետեր, համարվում է, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է:
Այս պայմաններում ահա վեց դիտորդ` սաղավարտներով, զրահաբաճկոններով ու սպիտակ դրոշնելով զինված, ամիսը մեկ-երկու անգամ հակառակ կողմերից նույն ուղղությամբ դուրս են գալիս առաջնագիծ ու պարտաճանաչ աշակերտի նման գրեթե միշտ արձանագրում, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Սա ուղերձ է, որի ենթատեքստն այն է, թե հրադադարի ռեժիմը լավ էլ պահպանվում է, դժգոհելու կարիք չկա, դիրքերում զինվորներ չեն զոհվում, իսկ Հայաստանի կամ Արցախի պաշտպանական գերատեսչություններն այնքան ավելորդ ժամանակ ունեն, որ զբաղված են` հրադադարի խախտումների և դրանց հետևանքով զոհերի վիճակագրություն անցկացնելով: Սա այն դեպքում, երբ համանախագահները, որին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իր գրասենյակի կողմից իրականացված դիտարկումների հիման վրա պետք է օպերատիվ տեղեկատվություն հաղորդեր, ընդամենը երկու օր առաջ հայտարարություն է տարածում, որի առաջին պարբերությունն սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան»: Եթե համանախագահները պետք է հանդես գան ընդամենը կողմերի միջև փոխադարձ մեղադրանքների մասին հիշատակմամբ և հերքեն հրադադարի պահպանման մասին մոնիթորինգային խմբի կողմից ստեղծվող տպավորությունը, ինչի՞ համար է դիտարկումների այդ ինստիտուտը, առաջնագիծ դուրս գալու այս ներկայացումը:
Մինչ այս բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ադրբեջանական կողմը դեմոնստրացիոն կերպով հրաժարվել է դիտորդներին դուրս բերել շփման գծի նախատեսված հատված: Առանձին դեպքերում, ինչպես, օրինակ, 2006թ. մարտին, 2013-ի հոկտեմբերին, 2014-ի հունիսին, մոնիթորինգի ժամանակ արձանագրվել են կրակոցներ, որից հետո միջոցառումը դադարեցվել է: Եվ բոլոր այս դեպքերում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը պարզապես պիղատոսյան երեսպաշտություն են հանդես բերել: Դիտորդական առաքելության հանդեպ ադրբեջանական դեմարշը երբևէ որևէ գնահատականի չեն արժանացրել՝ բավարարվելով միայն փաստն արձանագրելով, իսկ արձանագրված կրակոցների դեպքերում ընդամենը հայտարարել են, թե չեն կարող կամ համապատասխան մանդատը չունեն ասելու, թե կրակոցները որ կողմից են հնչել: Սա է պատճառը, որ այլևս ոչ ոքի չի հետաքրքրում, թե երբ, որտեղ են անցկացվում նման դիտարկումները, կամ ինչ են արձանագրում դիտարկողները:
Պատահական չէ, որ Ադրբեջանն անցած տարվա մայիսին Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված երեք պայմանավորվածություններից՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղադրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային գրասենյակի թիմի ավելացում, հրապարակավ ընդունելի համարեց միայն վերջինը, այն էլ` պայմանով, որ դիտորդների թիվը 3-4-ից դառնա առավելագույնը 7: Եվ չնայած անգամ դրա իրականացումն է Բաքուն հիմա վիժեցնում, միևնույն է՝ միջնորդների կողմից անգամ սիմվոլիկ պարսավանքի չի արժանանում:
Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ Ադրբեջանը երեքից միայն այս պարտավորությունն է քննարկելի համարում բացառապես այն պատճառով, որ, ի տարբերություն մյուս երկուսի, սա ոչ մի գործնական նշանակություն չունի, և շատ վաղուց արդեն համոզվել է մոնիթորինգի ինստիտուտի անիմաստ լինելու և իրավիճակի, գործընթացների վրա ունեցած գրեթե զրոյական ազդեցության մեջ: Եվ հաշվի առնելով կողմերի միջև հավասարություն դնելու` միջնորդների քաղաքականությունը՝ փաստ չէ, որ եթե ԵԱՀԿ այս առաքելությունն ամենօրյա ռեժիմով անգամ հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով դիտարկումներ անցկացնի, այն կարդարացնի սպասելիքները:
Գևորգ Դարբինյան