կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-28 10:50
Հասարակություն

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվան երկրորդ տարին է: Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ հնչած Վահան Հովհաննիսյանի հետ վերջին հրաժեշտի օրը:

«Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը…

Վահա'ն ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:

Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝ Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք հենվել ենք առաջինը քեզ վրա: Առաջին խմբերը, կոմիտեները ձեւավորվել են նաեւ քո մասնակցությամբ: Հետո սկիզբ առավ Ազգային Ազատագրական պայքարը՝ Ղարաբաղյան պատերազմը, ուր քո ներկայությունը ամենուրեք էր՝ սկսած արտասահմանից զենքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքները:

Արցախյան պատերազմի ընթացքում քանի-քանի ընկերներ ենք կորցրել, մենք նրանցից լավը չէինք, բայց դու բոլորից տարբեր էիր: Հիշում ես, այն ժամանակ էլ մենք դեմ էինք, որ Արցախում լինես, կռվի ճակատում, բայց դու քեզ բնորոշ հանգստությամբ մեզ համոզում էիր՝ «մեր ազգի ճակատագիրը այսօր այստեղ է որոշվում, առանց այս պայքարի հաջողության Հայաստանում քաղաքական գործը անիմաստ է»:

Կռիվ էր, ու այդ կռվում պիտի հաղթեինք՝ Հայրենի պետությանը կառչելով: Այստեղ, սակայն, եւս շտկելու բան կար, այստեղ եւս պայքարի անհրաժեշտություն կար: Կենսական անհրաժեշտություն էր՝ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների ապազգային գծին զուգահեռ՝ առաջ տանել մերը ու ճամփա հարթել ազգային պատասխանատվության ուղղության համար: Եվ դու ներկա էիր այդ պայքարում եւս, հանրահավաքներ, ելույթներ… Մտքի պայքար էր, ու դու քեզ դրսեւորեցիր քո նման: Մենք չափի զգացում ունեինք:

Նավապետը ձախող էր, բայց նավը մերն էր, ու երբեք ու երբեք ձախող նավապետից ձերբազատվելու համար պատրաստ չէինք նավը խորտակել: Բայց արձագանքը համաչափ չեղավ՝ ձերբակալություններ, թերթերի փակում, կուսակցության նկատմամբ համընդհանուր բռնություններ: Սակայն դու նոր կյանք էիր առել ու զինված էիր անսպառ էներգիայով: Վերջապես քեզանից ձերբազատվելու համար մի ելք կար՝ բանտարկություն, սակայն բանտարկությունը եւս չօգնեց. քո պայքարը շարունակվեց բանտախցից, դատարանի դահլիճից… Ձախող նավապետը հրաժարվեց, բանտերի դռները բացվեցին, նոր հույսեր համակեցին բոլորիս: Դարձյալ պայքարի բովում էիր, սակայն արդեն ուրիշ պայքարի՝ արդար ու ամուր պետության կառուցման պայքարի բովում: Այս պայքարը եւս տարար մեր դիրքերից, քո դիրքերց՝ ճիշտ դիրքերից: Վեր բարձրացար, բայց չփոխվեցիր, որքան փայլեցիր, այնքան հաստատակամ մնացիր համոզումներիդ ու գաղափարներիդ: Բայց այլեւս միայն մերը չէիր, այլ ժողովրդինը՝ բոլորինը: Դիպուկ ու անխնա քննադատություններդ, խոհեմ ու պատասխանատու ելույթներդ էլ քո անունից չէին, այլ ժողովրդի՝ բոլորի:

Ցավեցնելու աստիճան սուր, բայց անչար ու սրտացավ խոսքդ, անսպառ հումորդ ու գործիդ անվերջ նվիրումը պետական գործչի նոր տեսակ ստեղծեցին, բացառիկ, երկրորդը չունեցող տեսակ: Թեեւ ես խոսելու եմ քո մասին անցյալ ժամանակով, բայց ոչ, ընկեր, դու չես գնացել: Դու այնքան շատ մարդկանց մեջ ես: Դու բոլորին տալիս էիր մտքիցդ ու հոգուցդ մի մասնիկ: Ու այնքան ես տվել, որ հիմա քեզ ճանաչող ու չճանաչող յուրաքանչյուր մարդու մեջ մի փոքր Վահան կա: Ու դու շարունակելու ես մեզ հետ լինել անընդհատ ու ամենուրեք: Դու այն ուսուցիչն էիր, որը ոչ թե սովորեցնում է, որովհետեւ պիտի սովորեցնի, այլ սովորեցնում է, որովհետեւ իրենից սովորում են, ուզեն, թե չուզեն՝ սովորում են: Սովորում են մտածել ու մտածել տալ: Սովորում են ապրել ու ապրեցնել: Սովորում են խոսել ու լռել: Սովորում են պայքարել ու չհանձնվել: Սովորում են սիրել. սիրել ընկերոջը ու սիրել անծանոթին, սիրել հայրենիքը ու սիրել աշխարհը ու սիրել ազատությունը: Դու առանց ափսոսելու շռայլեցիր մարդկանց քո տեսակը: Դու իսկապես վահան էիր, վահան, որին բախվելով` ջարդուփշուր էր լինում այն ամենը ինչը վատն էր, վահան, որը պաշտպանում էր մեր ճիշտ տեսակը, վահան, որը թույլ չէր տալիս, որ մանրումեծ նիզակները խոցեն մեր ինքնությունը: Բայց, վահան լինելով հանդերձ, դու նաեւ սուր էիր, բահ ու գրիչ: Դու միաժամանակ սուր էիր, բահ ու գրիչ: Այդպես գրեթե չի լինում, բայց դու էի՛ր:

Քո սուրը գիտեր, թե ում եւ երբ է զարկում: Քո բահը գիտեր, թե ինչ հող է շենացնում եւ ինչ հող է շենացնելու դեռ: Քո գրիչը գիտեր, թե որն է մտքի արժեքը: Դու տվեցիր հայրենիքիդ այն ամենը, ինչ կարող էիր ու անգամ չէիր կարող տալ, փոխարենը վերցրիր հայրենիքիդ ցավերը: Ու դու գիտեիր, թե որն է հայրենիքիդ դարմանը: Բայց ավաղ, քեզ համար դարման չեղավ: Թեեւ ես խոսեցի քո մասին անցյալ ժամանակով, բայց ո՛չ, ընկեր, դու չես գնացել: Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես: Ու բոլորս պիտի շարունակենք անել այն ինչ անում էիր դու»: