կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 15:34
Մշակույթ

Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Կարեն Դուրգարյանը` Համահայկական նվագախմբի դիրիժորներ

Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Կարեն Դուրգարյանը` Համահայկական նվագախմբի դիրիժորներ

Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարն այլևս իրականություն է. նվագախմբին միանալու հայտեր կան արդեն` 19 պետությունից: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողներին հայտնեց, որ նվագախմբի դիրիժորները կլինեն Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և Կարեն Դուրգարյանը. մշակույթի նախարարը դիրիժորական համակարգի համախմբման ցանկություն ունի: Նվագախմբի առաջին համերգը կլինի ապրիլի 24-ին:

«Նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում ընկած է միասնականությունը, և ապրիլի 24-ն էլ խորհրդանշական է` այդ առումով, քանի որ Ցեղասպանության հետևանքով ցաքուցրիվ եղավ ազգը: Ինչ վերաբերում է նվագախմբին, ապա այն մշտական կազմ չի ունենալու, և համերգից համերգ փոփոխվելու են մասնակիցները: Հիմա արդեն ունենք երաժիշտներ Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Սիրիայից… Շուրջ 50 երաժիշտ արդեն համախմբվել է գաղափարի շուրջ»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Կոմիտասից մինչև ժամանակակիցների գործերը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն էլ տեղեկացրեց, որ իրենք ամեն օր հայտեր են ստանում` նվագախմբին միանալու ցանկությամբ: Նվագախմբի կազմում կլինեն նաև մեր` տեղի երաժիշտներ` ֆիլհարմոնիկ, երիտասարդական նվագախմբերից, օպերային թատրոնից և այլ նվագախմբերից:

«Այժմ փորձում ենք մենակատարների հարցը լուծել, թեև այնքան էլ խնդիրներ չեն լինում, քանի որ յուրաքանչյուրը, երբ լսում է գաղափարի մասին, ուզում է անպայման իր մասնակցությունն ունենալ»,- ասաց Սիրունյանը:

Ի դեպ, երաժիշտներն անվճար հիմունքով են մասնակցելու համերգներին, իսկ համերգային ծրագրերը շարունակվելու են դրսում` հայաշատ քաղաքներում, մասնավորապես` Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Թեհրանում, Բեյրութում: