Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ակնկալիքների մասին, ասաց, որ ցանկանում է նախ տեսնել նրա գործունեությունը, հետո կարծիք հայտնել:
«Ընդունում եմ, որ նա փորձ ունի, աշխատել է: Որտեղ աշխատել է, պատվով է դուրս եկել, կարողացել է կազմակերպել, բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք: Երբ գործողությունները տեսնենք, այն ժամանակ էլ նրան կհարցնենք` թո՞ւյլ են տալիս, թե՞ թույլ չեն տալիս»,- ասաց Խաչատրյանը՝ առանց պարզաբանելու՝ ով պետք է թույլ տա:
«2000 տարի, առանց տեսնելու, հավատացել ենք: Հասուն մարդիկ ենք, այսուհետ պիտի տեսնենք, նոր հավատանք: Կաշխատի, կտեսնենք»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` նախորդ կառավարությունն էլ կարող էր տնտեսությանն ինչ-որ օգուտ տալ, սակայն ոչ մի կառավարություն երբևէ ինքնուրույն ծրագիր չի իրականացրել, այդ պատճառով ներկայիս տնտեսությունն այս վիճակում է:
«Տիգրան Սարգսյանի օրոք մշակվեց ծրագիր, մտան յուրաքանչյուր քաղաքացու գրպանը և շարունակում են մտնել: Կթույլատրվի՞ այս վարչապետին որևէ փոփոխություն իրականացնել, թե՞ ոչ, չգիտեմ: Փաստ է, որ ոչ մի վարչապետ չի կարողանում սեփական ծրագիրն իրականացնել»,- նշեց Խաչատրյանը:
Նա ասաց, որ ցանկանում է տեսնել, որ, օրինակ արագաչափերի գումարները կգնան բյուջե, ինչպես Ռուսաստանում է և մնացած այլ տեղերում: «Այսօր բոլորը վարկի տակ են, բոլորը պարտքի տակ են, բոլորը վազում են բանկ, վարկեր են վերցնում»,- ասաց Խաչատրյանը:
Գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիները` նա ասաց. «Գոնե ավելի վատ որոշումներ չկայացվեցին: Նա փորձեց օգնել փոքր ու միջին ձեռնարկատերերին: Առավելությունն այն էր, որ ավելի բացասական քայլեր չկարողացան պարտադրել»: