կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 13:44
Իրավական

Դատարանը կքննի Նորադուսցի Ալիկի կալանավորման հարցը

Դատարանը կքննի Նորադուսցի Ալիկի կալանավորման հարցը

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր դատարանը քննելու է Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանությունը դրդելու կասկածանքով ձերբակալված քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորադուսցի Ալիկի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու հարցը: Նա կասկածվում է երիտասարդներից Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու մեջ:

Նշենք, որ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել «Լիա» գեղեցկության սրահի տնօրեն Պետրոս Իսրայելյանին:

Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ հիշյալ սպանությունը պարտակելու համար մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանին, իսկ Արմեն Գասպարյանին, ով առավել հայտնի է Բդո մականվամբ, մեղադրանք է առաջադրվել նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար. Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։