կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 20:19
Հասարակություն

«Փարքինգ Սիթի»-ին վնասո՞վ է աշխատել. ինչ կտա «կարմիր գծերի» բիզնեսը պետությանը

«Փարքինգ Սիթի»-ին վնասո՞վ է աշխատել. ինչ կտա «կարմիր գծերի» բիզնեսը պետությանը

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը համաձայնություն է տվել`որպես նվիրատվություն, ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ պարտավորվելով մարել նաև ընկերության վարկերը: Այսպիսով` մասնավոր ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը կհանձնվեն քաղաքապետարանին:

Եվ ահա պարզվում է, որ 2013-ից գործող, կարմիր գծերից ստացված հասույթի 70 տոկոսը տնօրինող «Փարքինգ Սիթի» ընկերությունն այս տարիներին աշխատել է վնասով: Նման հայտարարություն արել է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` խոսելով ընկերության կրած վնասների մասին: Նրա խոսքով՝ 2015-ի ավարտին ընկերությունը 170 միլիոն դրամի վնաս է ունեցել:

Հայտնի է, որ ընկերության հետ առնչվող վարորդները գլխացավանքից խուսափելու համար գերադասում են ավտոկայանատեղիի համար վճարել մեկ տարվա համար նախատեսված 12000 դրամը: Այսինքն` հենց տարեսկզբին միլինավոր դրամներ էին մտնում մասնավոր ընկերության բյուջե:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը հակված չէ հավատալու ընկերության այն պատճառաբանություններին, թե իրենք վնասով են աշխատում: Ըստ նրա՝ մոտավոր հաշվարկներով՝ ներդրված գումարն ընկերությունը առնվազն երկու տարում պետք է հանած լիներ և գնալով շահույթ ստանար:

«Գաղտնիք չէ, որ ցանկացած ընկերություն, երբ ինչ-որ բիզնես է հիմնում, շահույթ է հետապնդում, սակայն եթե մի քանի տարի շարունակ «Փարքինգ Սիթին» վնասով է աշխատել, ինչո՞ւ այդ մասին երբևէ չի ասվել, և վարչապետի հանձնարարականից հետո նոր միայն «պարզվում է», որ մասնավոր ընկերությանը ձեռնտու է բաժնեմասը նվիրել քաղաքապետարանին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ղահրամանյանը և հավելեց. «Չի բացառվում, որ մի քանի տարի աշխատելուց հետո պետությունն ասի, որ վնասով է աշխատում, արդյունքում` պարտքեր է կուտակել, և մի օր էլ որոշեն, որ, օրինակ, վարորդներից պետք է 100 դրամ հավաքեն, որպեսզի այդ պարտքը մարեն»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե այդ ընկերությունն այժմ վնասով է աշխատում, այսինքն` եկամուտներ չի ստանում, ի՞նչ երաշխիքներ կան, որ առաջիկայում նույնպես վնասով չի աշխատի: «Եթե մասնավոր ընկերությունը չկարողացավ գլուխ հանել ոլորտից, պետությունն առավել ևս չի կարողանա: Իսկ ինչ վերաբերում է վարկային պարտավորությունները մարելուն, ընկերության ղեկավարությունը մի բան էլ պետք է երջանիկ լինի, որ իրեն լավություն են անում: Սակայն, եթե քաղաքապետարանը չկարողանա արդյունավետ կառավարել ընկերությունը, վնասները ստիպված կլինեն վճարել արդեն պետական բյուջեից»,- ասաց նա:

Նշենք, որ քաղաքապետարանը համաձայնել է ընկերությունը նվիրատվությամբ ձեռք բերել այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում` այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Այս կապակցությամբ Աթանեսյանը նշեց, որ աուդիտ անցկացնելն ու, ըստ այդմ, եզրակացություն տալը մեր երկրում «ծանոթ» երևույթ է` այդտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը:

«Նախ միջազգային աուդիտորական կազմակերպությունները մեծ գումարներ են պահանջում նման ընկերություններում աուդիտ անցկացնելու համար, և այդ գործընթացն առնվազն երկու ամիս է տևում: Ենթադրում եմ այս ընկերության դեպքում էլ աուդիտը կանցկացնի միջազգային կազմակերպության քողի տակ թաքնված տեղական կազմակերպություն, իսկ վերջում արդյունքները կգնահատեն այնպես, ինչպես պետք է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ իր հայտնած մտահոգություններն իրականություն չեն դառնա, և միջազգային կազմակերպությունն աուդիտորական իրական եզրակացություն կտա:

Իսկ ի՞նչ կփոխի մասնավոր ընկերության պետականացումը քաղաքացիների՝ վարորդների կյանքում: Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ «կարմիր գծերի» բիզնեսի պետականացման արդյունքում վարորդն իր մաշկի վրա որևէ փոփոխություն չի զգա, նախկինի պես ստիպված կվճարի ավտոկայանատեղիների համար նախատեսված տուրքն ու տուգանքները, իսկ ծառայությունների մատուցման ոլորտում ոչինչ չի փոխվի: «Այսուհետ քաղաքապետարանը ևս պատասխանատվություն չի կրի մեքենաների անվտանգության համար: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները դժգոհում են, որ ընկերության տրամադրած տեսագրություններով չեն կարողանում մեքենաների համարները նույնականացնել և պարզել, թե, օրինակ, որ մեքենան է հարվածել իր մեքենային և այլն»,- ասաց նա:

Ղահրամանյանի խոսքով՝ եթե որոշ ժամանակ առաջ վարորդները պաթոսախառն արտահայտություններ էին անում, որ իրենց վճարած տուգանքների գումարները գոնե գնան պետության բյուջե, այժմ էլ իրավացիորեն կդժգոհեն, որ այդ գումարներն իրենց նպատակին չեն ծառայում: «Կարմիր գծերի համար մենք վճարում ենք, որպեսզի մեքենաների համար կայանատեղիներ ապահովվեն, սակայն իրականում ընկերությունը բավարարվում է միայն` ճանապարհի առաջին երթևեկելի գոտին կարմիր գծերով ներկելով, տեսախցիկներ տեսադրելով: Ներկայումս թատրոնների կամ պետական այլ հաստատությունների մոտակայքում որևէ նորմալ կայանատեղի չկա, որպեսզի վարորդները հանգիստ կարողանան իրենց մեքենաները կայանել: Եթե հանրային վայրերում նորմալ ավտոկայանատեղիներ կառուցած լինեին, և դրա համար մարդիկ վճարեին, գուցե ինչ-որ կերպ արդարացված լիներ»,- ասաց նա:

Ի դեպ, Ղահրամանյանը հայտնեց, որ «Փարքինգ Սիթիի» կայացրած տուգանքների բողոքարկման 90 տոկոսի դեպքում դատարանը հօգուտ վարորդի է որոշում կայացնում: «Վարչական դատարանն իր որոշումներով բազմիցս հիմնավորել է, որ նշանակված տուգանքները սխալ են, և դրանցով խախտվել են վարորդների իրավունքներն ու նրանց իրավունքները պաշտպանող միջազգային կոնվենցիաներ»,- ասաց նա ՝ նշելով, որ դրանից պետությունը պետք է հետևություն անի:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ