Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում սպորտի և երիտասարդության նախարարությունը ներառել է որոշում՝ հավանություն տալ հայկական ազգային` կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին: Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում մարզաձևի պահպանման, տարածման ու զարգացման քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։ Նախարարությունը կարծում է, որ հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել:
Առ այսօր Հայաստանի Հանրապետությունում չի ընդունվել պետական միասնական քաղաքականության որևէ հայեցակարգային, ռազմավարական կամ ծրագրային փաստաթուղթ: Չեն ընդունվել նաև իրավական նորմատիվ ակտեր, որոնցով կկարգավորվեն հայկական կոխ ըմբշամարտի ուսուցումը, կներկայացվեն ուսումնամարզական գործընթացի նվազագույն պայմանները, մրցումների անցկացման միասնական կանոնները: Հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Արցախում և Ջավախքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման հիմնական նպատակները, առկա խնդիրները, դրանց լուծման նոր մոտեցումներն ու ուղղությունները, ինչպես նաև նախատեսվում են միջոցներ ու ձևեր՝ դրանց իրականացման, մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:
Հայկական ազգային` կոխ ըմբշամարտ մարզաձևը խորհրդային ժամանակաշրջանում գրեթե մոռացության է մատնվել՝ հիմնականում պահպանվելով ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերում և Ջավախքում:Մարզաձևին արժանի ուշադրություն դարձնելու դեպքում կվերականգնվեն ազգային մարզական գեղեցիկ ավանդույթները, և կվերածնվի ազգային պատմական մարզաձևը։ Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջևանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ և այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):
Կոխի մրցումները միջնադարյան Հայաստանում կազմակերպվում էին մրցասպարեզներում, հրապարակներում, մարզարաններում կամ ուղղակի ազատ տարածքներում, բակերում և այլն։ Հայկական ազգային կոխ ըմբշամարտը ընդգրկված է եղել հին հայկական նավասարդյան խաղերի ծրագրում: Մարզական խաղեր ու մրցույթներ էին տեղի ունենում տարատեսակ միջոցառումների, տոնակատարությունների և ուխտագնացությունների ժամանակ: Դրանք անցկացվում էին երգ-երաժշտության, ժողովրդական խաղերի, ուրախ տրամադրության ներքո:
Դրանց նպատակն էր ցուցադրել հատկապես երիտասարդների ուժն ու ճարպկությունը: Մրցումները լինում էին ինչպես անհատական, այնպես էլ խմբային: Հայ ազգագրության ուսումնասիրություններում կան այդպիսի միջոցառումների բազմաթիվ նկարագրություններ: Հատկանշական է, որ Հայաստանի տարբեր շրջաններում մրցույթների կանոնները տարբեր էին, և նույն մարզաձևն ուներ հաղթանակի, պարտության, պարգևատրման ու հաղթանակը տոնելու տարբեր ձևեր: Հայտնի են կոխի մոտ 340 հնարքներ: Հանդիսատես ուխտավորներից, գլխավորապես գյուղացիներից մի ընդարձակ կրկեսի ձևով շրջան է կազմվել, որի մեջտեղը դրվել է գոմեշի գլուխ (ներկայումս՝ կենդանի ոչխար):
Ասպարեզ են դուրս եկել գոտեմարտողները և պտույտ գալով գլխի չորս կողմը՝ աշխատել են հարմար կերպով միմյանց բռնել և գոտեմարտելով վայր գլորել ու ծնկել հակառակորդի կրծքին՝ որպես հաղթության նշան: Հաղթողը արժանացել է շրջապատողների խրախուսանքին ու գովասանքին և տեր է դարձել գոմեշի գլխին, որը ուժի ու քաջության խորհրդանիշն է:
Մարզիկները մրցությանը մասնակցում են մարզաչուխաներով (բրդյա կտորից կարված երկար վերարկու) և կաշվե փափուկ կիսաճտքավոր կոշիկներով: Նախքան գոտեմարտի սկիզբը ժողովրդական նվագարանների խումբը հնչեցնում է կոխի ավանդական պարային եղանակը՝ կանչը, և մրցակիցները կոխի ավանդական պարն են պարում, որից հետո միայն սկսվում է մրցամարտը: Մրցամարտն ուղեկցվում է երաժշտությամբ: Մարտի տևողությունը եղել է 6 րոպե (այժմ մեծահասակների գոտեմարտի տևողությունը 5 րոպե է, պատանիներինը՝ 4 րոպե):