Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայազգի աշխարհահռչակ` ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան հանդիսատեսին կներկայացնի ավանդական ֆլամենկոյի շունչը: Լորին, հինգ իսպանացի երաժիշտների ընկերակցությամբ, հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին: Լորիի պարը նրբագեղության և անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրակոտ կատարում, որը հիանալի կերպով արտացոլում է ֆլամենկոյի ոգին:
«Իմ պարն ինձ համար ազատություն է: Ֆլամենկոն իմ ամենասիրելի պարային ոճն է: Այն պահանջում է երաժշտականություն և տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է շփոթել այն որևէ այլ պարային ոճի հետ»,- նշում է Լորին:
2010-ին ֆլամենկոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց: Ֆլամենկոն երաժշտության, պոեզիայի ու պարի զրույց է: Այստեղ բոլոր տարրերը համահունչ են և իրենց կարևոր ասելիքն ունեն՝ կրունկների հարվածներից ծնված ռիթմը, հայացքը, ծափերը, կիթառի սիրառատ ելևէջները:
Նոյեմբերի 19-ին Լորին և իսպանացի երաժիշտները հանդես կգան ավանդական ֆլամենկոյի տարբեր ոճերով (Soleares de Triana, Siguiriyas, Tarantos de Levante, and Solea por Bulerias de Jerez), որը հանդիսատեսին կտեղափոխի ֆլամենկոյի ծննդավայր՝ Անդալուսիա:
Լորին ելույթ է ունեցել աշխարհի տարբեր հայտնի բեմերում: 2014-ին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած` ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում:
Լորիի առաջին ծանոթացումը ֆլամենկոյի հետ եղել է տասներկու տարեկանում: Տասնութ տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ տասը տարի ապրել և ստեղծագործել է Խերես դե լա Ֆրոնտերա և Սևիլյա քաղաքներում բնակվող իսպանական գնչուների հետ: «Ֆլամենկոյում դու չես ընտրում քեզ համար անուն, քեզ շնորհում են այդ անունը: Լորի Լա Արմենիա անունն ինձ շնորհել է իմ ուսուցիչ Մանուելա Մոնո Կարպիոն»,- նշում է Լորին:
Լորի Լա Արմենիան Հայաստանում է Deem Communications ընկերության հրավերով, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների և արտիստների՝ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյան, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյան, երգիծաբան Վահէ Պէրպէրեան, լիբանանահայ երգչուհի/երգահան Աէյլին Խաչադուրյան, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյան, ինչպես նաև «Element Band» և «Զուլալ» ակապելլա եռյակ: