Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկ տարվա ընդմիջումից հետո՝ կրկին պարային տոն: Վեցերորդ անգամ Երեւանում անցկացվել է սպորտային պարերի «Կրիստալ» ակումբային բաց առաջնությունը: Ամենամյա դարձած այս առաջնությունն, ավանդույթի համաձայն, անցկացվում է աշնանը: Բացառություն էր միայն 2020 թվականը. համավարակն ու պատերազմը չեղարկեցին բոլոր ծրագրերը: 2021-ի աշունը վերականգնեց ավանդույթը, իսկ սպորտային պարերի ակումբային բաց առաջնության մեկնարկը տրվեց հոկտեմբերի 17-ի առավոտյան:
- Առաջին հերթին սա շփում է պարողների միջեւ, որոնք պատկանում են տարբեր ակումբների եւ կազմակերպությունների: Հայաստանում սպորտային պարերի երկու մեծ կազմակերպություն կա՝ Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը, որին պատկանում է մեր ակումբը, եւ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան, որոնք էլ իրենց հերթին անդամակցում են համապատասխան միջազգային կառույցներին: Ընդհանրապես, աշխարհում քիչ են երկրները, որտեղ այս երկու կազմակերպությունները կարողանում են աշխատել իրար հետ: Հուրախություն մեզ՝ մենք կարողանում ենք: Երբ առանձին ես պարում՝ ներփակված ինքդ քո մեջ, պարողի համար սա կարող է ձանձրալի դառնալ, նա կարող է կորցնել իրեն առաջ մղող ուժը: Որքան պարողների շրջանակը մեծանում է, այնքան մեծանում է մրցակցությունն ու հաղթելու ձգտումը: Այստեղից էլ սկսվում է զարգացումը,- նկատեց առաջնության կազմակերպիչ եւ գլխավոր մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի ղեկավար Ժորա Մխիթարյանը:
Սպորտային պարերի ակումբային այս առաջնությանը մասնակցել են ավելի քան 400 պարողներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ արտասահմանից ժամանած մասնակիցներ չկային: Պատճառը կրկին համավարակն էր եւ դրա հետեւանքով առաջ եկած բազմաթիվ սահմանափակումներ ու խնդիրներ: Այդ պատճառով չեն անցկացվել նաեւ վարպետության դասեր: Այսպիսով, այս անգամ առաջնությանը մասնակցել են Հայաստանի եւ Արցախի պարողները Երեւանից, Արմավիրից, Էջմիածնից, Գյումրիից եւ Ստեփանակերտից: Պարահրապարակում լատինաամերիկյան եւ եվրոպական պարաձեւերում իրենց ուժերն են փորձել 4-18 տարեկան պարողները:
- Մինչեւ պատանիների կարգ մենք ունենք շատ ուժեղ երեխաներ, բայց դրանից վերեւ, կարծես, կանգ կա: Դեռ պետք է հասկանալ, թե որն է խնդիրը: Գուցե պատճառն այն է, որ ավելի մեծ տարիքում հեռանկար չեն տեսնում: Ի վերջո, սա թանկ սպորտաձեւ է, իսկ Հայաստանում սպորտային պարերի մեջ ներդրում գրեթե չի արվում: Պետական աջակցության մասին խոսք անգամ չկա: Խնդիր է նաեւ մեծահասակ տղաների բացակայությունն այս սպորտաձեւում: Տղաներ գրեթե չկան, ինչն էլ զույգով պարերի խնդիր է առաջ բերում: Դա է նաեւ պատճառը, որ առաջնությունում գերակշռող են սոլո համարները: Այս հարցը եւս պետք է ուշադրության արժանացնել. համոզել, խթանել տղաներին, որ սպորտային պարերը եւս ոչ պակաս հետաքրքիր սպորտաձեւեր են, քան բոքսն ու ըմբշամարտը: Սա, իհարկե, նաեւ մենթալիտետի խնդիր է,- նշեց Ժորա Մխիթարյանը:
Նա դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ երբ են իրենք պրոֆեսիոնալներով հետեւել Հայաստանը ներկայացնող պարային զույգի միջազգային բարձր մրցույթներում: Նա նկատեց, որ սա եւս պատճառ է, որպեսզի ներդնեն բոլոր հնարավոր եւ անհնարին ջանքերն ամեն տարի «Կրիստալ» ակումբային բաց առաջնություն անցկացնելու համար: Ըստ նրա՝ սա պարային տոն է, որին սպասում են, բայց, առաջին հերթին, սա լավ միջոց է սպորտային հետաքրքրասիրությունը խթանելու եւ դեպի բարձր բեմեր մղելու համար: