կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 12:25
Տնտեսական

Հայաստան ներկրվող մեքենաների կամայական սակագինը կվերանա. ՊԵԿ պաշտոնյա

Հայաստան ներկրվող մեքենաների կամայական սակագինը կվերանա. ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում. այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը լրագրողների հետ զրույցում ասաց մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:

Մասնավորապես` եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա, նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերն` ըստ համապատասխան բաժինների: Ըստ Ղազարյանի՝ գործընթացը տևում է 30 րոպե:

Նա հայտնեց, որ ներկրվող տրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև` տարածաշրջանային մաքսատուն, որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: ՊԵԿ նախագահի հանձնարարականով, ձևակերպումների ժաանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը ևս կտեղափոխվի մաքսատներ: Մասնավորապես` եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ կոմիտեում, առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը:

Մաքսատան պետը հայտնեց նաև, որ, ՀՀ վարչապետի հանձնարարականով, ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և եթե փաստաթղթերն արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով, և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նոր բարեփոխումների արդյունքում մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկելու ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները:

Ղազարյանի խոսքով՝ նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի: