|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարությունը 2006 թ.-ին ծրագիր է ներկայացրել Ազգային ժողովի հաստատմանը, ըստ որի` բոլոր երաժշտական դպրոցներում ազգային նվագարաններով ուսուցումը պետք է լինի պետպատվերով, այսինքն` անվճար: «Սա, իհարկե, շատ ճշմարիտ և գեղեցիկ նպատակ էր, որ իրագործվեց և տվեց իր պտուղները: Արդյունքում` այսօր բոլոր մարզերում ունենք նվագախմբեր, և 2016 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առաջին անգամ կազմակերպվեց ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական մրցույթ-փառատոն, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին»,- լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Մրցույթ-փառատոնի հիմնադիրն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունն և ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնը: Մրցույթ-փառատոնի անցկացման նպատակն է ազգային նվագարանների համույթների կատարողական վարպետության բարձրացումը, մշակութային կապերի ամրապնդումը, ինչպես նաև այս ժանրի ժողովրդայնացումը:
Ըստ Պողոսյանի` առաջին և երկրորդ փուլերն արդեն կայացել են, մասնակցել են Հայաստանի և Արցախի ժողովրդական նվագարանների անսամբլներ:
«Մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում»,- հավելեց նա: