Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցում սովորող Արմեն Բեգլարյանն այս տարի մասնակցել է «Պատմություն» առարկայից օլիմպիադային և առաջին տեղը գրավել: Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հաղթողներին հանձնեց նրանց պատվոգրերը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմենը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում օլիմպիադայի և չէր սպասում, որ կարող է հաղթող ճանաչվել:
«Փոքր տարիքից հետաքրքրվել եմ պատմությամբ, և իրադարձությունները ցույց են տալիս, որ, միայն պատմությւոն իմանալով, դու կարող ես հակահարված տալ պատմությունը խեղաթյուրողներին: Աշակերտները պետք է «Պատմություն» առարկան լավ սովորեն, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական պատմությունը»,- ասաց նա:
Արմենը նշեց նաև, որ հայոց պատմությունից շատ է սիրում Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, քանի որ Հայաստանի տարածքն այդ ժամանակ ծովից ծով էր:
Նրա կարծիքով` կյանքում ամեն ինչի կարելի է հասնել գիտելիքի միջոցով, սակայն կարևոր է առաջին հերթին հայրենիքի մասին մտածել: «Տեսեք` վերջերս շատ են խոսում այն մասին, որ տարկետումը պետք է հանեն, և ես կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում կլինի, քանի որ ծառայությունը շատ կարևոր է, միայն այդպես կարող ենք պաշտպանված հայրենիք ունենալ: Դու պետք է նախ քո պարտքը կատարես հայրենիքի հանդեպ, հետո նոր միայն սովորես, քանի որ եթե պաշտպանված չլինես, չես էլ կարող սովորել»,- ասաց Արմենը:
Նա, ի դեպ, որոշել է միջազգայնագետ դառնալ, քանի որ այդ ոլորտում, ըստ նրա, բազում անելիքներ ունենք:
Արման Բայրամյանը, ով Իջևանի ավագ դպրոցում է սովորում, այս տարի օլիմպիադային մասնակցել է 6 առարկաներից` «Հայ գրականություն» առարկայից արժանացել է 2-րդ, իսկ «Հայոց լեզու» առարկայից` 1-ին մրցանակի: Արմանը նշեց, որ նախորդ տարիներին էլ մասնակցել է տարբեր առարկաներից օլիմպիադաների և գրանցել հաղթանակներ:
Ուշագրավ է, որ Արմանը դպրոցում ֆիզմաթ հոսքում է սովորում: «Լեզվի և գրականության հանդեպ սերը գալիս է մայրիկիցս` մայրիկս հայոց լեզվի մասնագետ է, և ես ի սկզբանե գեղեցիկ ու ճիշտ հայերեն եմ լսել: Հայոց լեզուն գեղեցիկ լեզու է, եթե ճիշտ են խոսում»,- ասաց նա:
Արմանի կարծիքով` մեր երկրին պետք են գիտությամբ զբաղվող մարդիկ, գիտությունն ու տեխնիկան գնալով ավելի են զարգանում, և օրեցօր շատ ավելի մեծ կարևորություն է ստանում կրթությունը" «Կրթություն ստացած մարդն իր կյանքում կարող է հասնել շատ ավելիի, քան` ոչ սովորածը: Կրթությունն արժևորվում է մեր երկրում»,- ասաց նա:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով աշակերտներին, նշեց, որ, բացի դպրոցական առարկայական ծանրաբեռնվածությունից, շատ կարևոր է, որ նրանք ուսման ընթացքում կարողանան աստիճանաբար կողմնորոշվել և ունենալ իրենց` մասնագիտական նախընտրությունները:
«Կյանքում երկու բան շատ անհրաժեշտ է` պետք է ունենաք ձեր անձնական ազատությունը, ընդհանուր զարգացվածության հասկացությունը, բայց պարտավոր եք նաև մասնագիտական նախընտրություններ ունենալ, որոնք հնարավորություն կտան ավելի ճիշտ ճանապարհով ուղղորդելու ձեր աշխարհընկալումը: Գոյություն ունի աշխարհազգացողություն, բայց աշխարհի ընկալումը տրված է ոչ բոլորին, դրա համար նախ պետք է հասկանալ` որտեղի՞ց եք գալիս և ո՞ւր եք գնում: Հաղթողի համար մեկ այլ մեծ պատասխանատվություն է գալիս, հաղթողը պատասխան է տալիս ոչ միայն իր, այլ նաև ուրիշների համար: Դուք հիմա ավարտում եք ձեր կյանքի մի փուլն ու մտնում մեկ այլ փուլ, և շատ կարևոր է, որ ձեր` առաջնորդի կարողությունները հնարավորինս լայնորեն օգտագործեք ձեր նմանների շարժում առաջացնելու համար»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ ուզում է` այս հիմքն աշակերտներին ուժ տա, ուժ` շարունակելու այդ ճանապարհը և լինելու ավելի լավը, քան իրենց սերունդն էր: «Շատ հարցեր, որ մենք չենք կարողանում լուծել, և հարցեր, որոնք ձեզ դուր չեն գալիս, ձեր սերունդը պետք է լուծի: Օրինակ`իմ ծնողների սերնդի համար երազ էր Հայաստանի անկախությունը, Արցախի հաղթանակը: Ձեր ճանապարհին երբեք չվախենաք սխալվելուց: Մարդը չի կարող որոշակի առաջընթաց ունենալ և հանկարծակի չսխալվել: Դուք պետք է ոչ միայն ձեր ճանապարհը հարթեք, այլև կողքի` հուսահատ ընկերոջն առաջ տանեք»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարը նշեց նաև, որ օլիմպիական շարժումը դառնում է հաճելի ստուգատես` աշակերտների գիտելիքների ստուգման համար, քանի որ երեխան կարողանում է մասնագիտական կողմնորոշում հանդես բերել: Տարեցտարի, ըստ Մկրտչյանի, մասնակիցների որոշակիորեն աճ է նկատվում:
Նշենք, որ 2015-16 թթ. ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևանի և ԼՂ-ի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին, 105-ը՝ երկրորդ, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: Օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից՝ 3 փուլերով (համայնքային, մարզային կամ քաղաքային, հանրապետական): Ընդհանուր առմամբ, միայն բնագիտական 7 առարկաներից օլիմպիադաների 3 փուլերին մասնակցել է ավելի քան 45 000 դպրոցական:
Հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձևավորվել են միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող` միջազգային առարկայական օլիմպիադաներին: