կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 12:48
Քաղաքական

Դավիթ Լոքյանի հանդիպումները՝ Ստրասբուրգում

Դավիթ Լոքյանի հանդիպումները՝ Ստրասբուրգում

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։

Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման և այդ ոլորտում Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիան լավագույնս երաշխավորելու ուղղությամբ Հայաստանում իրականացված և ընթացիկ աշխատանքները՝ արժևորելով ԵԽ համապատասխան կառույցների, մասնավորապես Կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությունը, որը շարունակվում է իրագործվել ՀՀ-ԵԽ 2015-2018թթ․Գործողությունների ծրագրի և Կոնգրեսի հետմոնիտորինգային երկխոսության շրջանակում։

Նույն օրը նախարար Դավիթ Լոքյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի, Կոնգրեսի նորընտիր նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյորմի, ինչպես նաև նախօրեին Կոնգրեսի նախագահի պաշտոնավարումն ավարտած Ժան-Կլոդ Ֆրեկոնի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության ընթացքը և փոխգործակցության հեռանկարները։

Հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատում, ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին Կոնգրեսի անդամ Լիսա Անսալայի (Ֆինլանդիա գլխավորած պատվիրակության կողմից ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքներով տեղի են ունեցել քննարկումներ՝ վերոնշյալ պատվիրակի հեղինակած զեկույցի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ ՀՀ ՏԻՄ ընտրությունները պատշաճ կերպով են պատրաստված եղել և դրանց անցկացումը գլխավորապես համապատասխանել է միջազգային չափանիշներին։