Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, վարչապետը խոսեց հարկային ու մաքսային ոլորտների մասին:
Նրա խոսքով` հարկային և մաքսային բնագավառները մշտապես գտնվում են հանրության, գործարար աշխարհի ուշադրության կենտրոնում։ Հայաստանը պետք է ունենա խաղի այնպիսի կանոններ, որոնց շնորհիվ օրինապահ հարկատուների գործունեության համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:
Ըստ Կարեն Կարապետյանի` պետք է սկսել իրականացնել հարկային և մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ հարկային և մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են իրեն: Մաքսատանը կներդրվի «Մեկ պատուհանի» սկզբունքը: Ամեն ինչ կարվի բիզնեսով զբաղվողի ժամանակի խնայողության, սպասարկման որակի բարձրացման համար:
«Օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միևնույն ժամանակ, ոչ օրինապահ տնտեսավարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է, որ ինքը տարբեր գործիքներով մոնիթորինգի է ենթարկվում, որ հարկերից խուսափելը չի կարող լինել առանց հետևանքների:
Թե՛ հարկային և մաքսային, թե՛ այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիթորինգը, սակայն, պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում: Անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք: Ավելին` տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ կարող են փոխադարձ վեճերը լուծել հնարավորինս բանակցային և ոչ ծախսատար ձևաչափերով, իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` հարկային և մաքսային վարչարարությունը պետք է հիմնված լինի բիզնեսով զբաղվողի հետ նվազագույն շփումների վրա: Մասնավորապես` պլանավորվում է ամբողջությամբ անցնել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի, հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայել հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, իրականացնել այլ բազմաթիվ միջոցառումներ:
«Բիզնեսը շատ է դժգոհում, այսպես կոչված, հսկիչ գներից: Այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը: Բիզնես միջավայրի բարելավման համար նախատեսում ենք նաև կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը՝ պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացները, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությունները հասցնել ավարտին»,- ասաց Կարեն Կարապետյանը: