կարևոր
352 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-09 09:52
Հասարակություն

Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքում ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ։

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոսքը Կարեն Զազյանի մասին է։

Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։

Ըստ իրավապահների՝ վարչության պետը կասկածվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Ուշագրավ է, որ Կարեն Զազյանը մարզպետարանի համակարգում պատահական կամ նոր հայտնված պաշտոնյա չէ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի տվյալներով՝ նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

Վերջերս նրան կարելի էր տեսնել Գելենվագեն վարելիս։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Զազյանը Գավառում բավական ազդեցիկ կապեր ունեցող պաշտոնյա է։ Նրա հարազատ քույրը՝ Լարիզա Զազյանը, եղել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, իսկ նրա աներորդին ՀՀ աշխատանք և առողջապահական տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն է։

Զազյանի անունը, ըստ Գավառից ստացված տեղեկությունների, կապվում է նաև քաղաքում գործող գրախանութի հետ, որը աշխատեցրել է նրա մայրը, և բոլորը գիտեն, որ կրթական աքսեսուարները պետք է գնել այդ խանութից։

Կարեն Զազյանի պաշտոնավարման պատմության մեջ ուշագրավ է նաև նրա կապը մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Գարիկ Բադալյանի հետ։ Զազյանը Բադալյանի սանիկն է և հետագայում զբաղեցրել է քավոր Բադալյանի պաշտոնը։

Կաշառքի գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվածների թվում են ոչ միայն վարչության պետը, այլև Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրանց թվում են Այրք և Ջաղացաձոր դպրոցների տնօրենները»։