կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-09 10:00
Աշխարհ

Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»

Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Ադրբեջանական AzerGold ընկերությունը հաղորդել էր, որ Սոթքի ոսկու հանքավայրի իրենց հատվածում իրականացրել է հորատապայթեցման առաջին աշխատանքները` հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

Հաջորդիվ սկսելու են հանքի շահագործումը։ Մեզ հետ զրույցում Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը՝ Սարգիս Եղյանը հայտնեց․ «Հանքն աշխատում է, մենք աշխատանքի գնում ենք, բայց անձամբ ես ո՛չ պայթեցման ձայներ եմ լսել, ո՛չ էլ ուրիշներից խոսակցություններ, որ նման բան է տեղի ունեցել»։ Հարցին՝ ադրբեջանցիների կողմից հանքի շահագործումն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ արդյո՞ք հայկական կողմի համար անվտանգային խնդիրներ չեն առաջանա, նա պատասխանեց․ «Մենք ստորգետնյա ենք աշխատում, դա, կարծում եմ, մեզ ընդհանրապես չի էլ խանգարելու։ Սոթքի ոսկու հանքը նախկինում բաց շահագործվող հանք էր, հիմա հանքը փակ է շահագործվում, արտաքինից ոչ մի աշխատանք չի իրականացվում։ Իսկ աշխատակիցների՝ նախկինի համեմատ երեւի կեսն է աշխատում կամ ավելի քիչ (այժմ մոտ 200-300 աշխատակից է աշխատում՝ նախկին 600-700-ի փոխարեն)»։

Անդրադառնալով աշխատակիցների աշխատավարձերին ու աշխատանքային պայմաններին՝ Եղյանը նշեց, որ փակ հանքում ավելի դժվար է աշխատելը․ «Ես վարորդ եմ, իմ օրինակով ասեմ․ նախկինում մենք աշխատավարձ ստանում էինք` կախված մեր կատարած աշխատանքից, թե քանի անգամ բեռնափոխադրում կանենք, իսկ հիմա պայմանագիրն այնպես են կնքել, որ ամսավճար ենք ստանում, որն ավելի քիչ է ստացվել։ Նախկինում ավելի լավ էին պայմանները, մաքուր օդին էինք աշխատում, իսկ հիմա գետնի տակ ենք, ավելի դժվար է, մեր առողջությունն էլ է վնասվում։ Չգիտեմ՝ հանքի որքան մասն է մեզ մնացել, որքանը՝ իրենց, բայց, ամեն դեպքում, իրենց շատ բան է մնացել»։