կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-29 13:02
Քաղաքական

Ա․ Ավագյանը 30 տարում այնքան է գրել, որքան ԿԳՄՍ նախարարն ամբողջ կյանքում չի կարդացել

Ա․ Ավագյանը 30 տարում այնքան է գրել, որքան ԿԳՄՍ նախարարն ամբողջ կյանքում չի կարդացել

Այսօր մի դիպվածով իմացա, որ փետրվարի 24-ին Ազգային ժողովում կայացած կրթության մասին լսումների ժամանակ ԿԳՄՍ գերնախարար Արայիկ Հարությունյանը, դարձյալ կորցնելով իրականության չափորոշիչներն ու պետական պաշտոնյայի համառոտ ուղեցույցը, հայտարարել է, թե ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը կործանում է ֆակուլտետը: Ավելին՝ չբավարարվելով իր առաջին անհոդաբաշխ մտքով, քառանախարարը հավելել է, որ բանասիրության ֆակուլտետում դեգրադացիա է տեղի ունենում՝ այդպիսով կտրելով իրեն ու ճշմարտությանը կապող վերջին բարակ թելն ու գլորվելով անպատասխանատու հայտարարությունների կիրճը, որտեղ նա մտերիմների պակաս չունի:

Անկեղծ ասած՝ չէի ուզում հավատալ, որ նման բարձրաստիճան պաշտոնյան կարող է  Ազգային ժողովի ամբիոնը դարձնել ստորապատում ասքերի հյուսման հենակետ և, առանց մտածելու, հայտարարություններ անել, որոնք իրականությանը չեն համապատասխանում, բայց մտաբերելով անցյալ տարի դեկտեբերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումն ու դրա ժամանակ նախարարի՝ 19-րդ դարի քյոխվայի պահվածքը, սկսեցի չզարմանալ. հայտարարությունները եղել է նախարարի հասակին համապատասխան, բայց՝ լրիվ կեղծ, սուտ:

Նախարարը կամ նրան ուղղորդողները չեն կարող հիմնավորել այն մեղադրանքները, որոնք արվել են Արծրուն Ավագյանի հասցեին: Ո՞վ է հարցրել նրա կուրսընկերների, ուսանողների ու գործընկերների կարծիքը, որտեղի՞ց նման ենթադրություններ:

Ո՞ւր ենք հասել. անպատասխանատու հայտարարություններ են արվում մի մարդու հասցեին, ով արդեն կես դար աշխատում է Երևանի պետական համալսարանում և ցայսօր, չնայած պատկառելի տարիքին, գրիչը վայր չի դնում ձեռքից՝ անընդհատ համալրելով հայ գրականության պատմության և գրականագիտության էջերը: Նախարարը երևի չի էլ պատկերացնում, որ խոսում է մի մարդու մասին, ով հսկայական ավանդ ունի հայ գրականագիտության, մասնավորապես՝ սփյուռքահայ գրականության ոլորտում: Անհնար է խոսել շահնուրագիտության, թեքեյանագիտության, զարյանագիտության մասին ու չհիշել Արծրուն Ավագյանի ստեղծած էջերը, որոնք, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի դատարկ հայտարարությունների, արդեն իսկ հաղթահարել են ժամանակի պատնեշն ու գրավել եկող սերնդին պիտանի լինելու հարթակը: Էլ չեմ խոսում այն մասին, որ սփյուռքի գրական շրջանակները, մեմ ասած, չեն ողջունի այն պիտակները, որոնք Արայիկ Հարությունյանը փորձում է փակցնել Արծրուն Ավագյանի անվան վրա:

Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ (2005 թ.), ՀՀ վարչապետի ոսկե մեդալ, (2009 թ.), Հայաստանի գրողների միության և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ (2012 թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր` «կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար», ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.):

Սրանք մի քանիսն են այն բազմաթիվ պարգևներից, որ իր գործնեության ընթացքում ստացել է Արծրուն Ավագյանը: Բայց նրա ամենամեծ պարգևն ու շքանշանն այն ուսանողներն են, ովքեր վրդովվել են նախարարի այդ ցածրակարգ հայտարարությունից, այն ուսանողները, որոնք լուրջ հարգանք են տածում նրա հանդեպ: Եվ ծիծաղելի է, որ նման  պատկառելի գիտնականին դեգրադացիոն գործընթացների ու ֆակուլտետի կործանման մեջ մեղադրում է մի մարդ, որը կյանքում ընդհամենը մի քանի հոդվածի հեղինակ է, որևէ լուրջ ծառայություն չի մատուցել ազգին կամ պետությանը, բայց խոսում է ազգային հերոսի պես։ Արծրուն Ավագյանը վերջին երեսուն տարում այնքան է գրել, որքան նախարարն իր ամբողջ կյանքում չի կարդացել:

Չնայած՝ ինչ-որ տեղ պետք է հասկանալ Արայիկ Հարությունյանին: Նա  թերագնահատում է Արծրուն Ավագյանին, Սերժ Սրապիոնյանին ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մյուս անդամներին, որովհետև ինքն անթերի է և կրթական ոլորտին ավելի լավ է տիրապետում, քան որևէ մեկը Հայաստանում, նա  նախակարապետն է մեր նոր դպրության: Գիտության ոլորտում նա այնքան զորեղ է, որ մատի մեկ շարժումով կարող է հերքել, ասենք, Մանուկ Աբեղյանի տեսությունն ու նորը գրել, պարզապես ժամանակ չունի, թե չէ՝ սիրով: Մշակույթն այնքան մեծ տեղ ունի նրա կյանքում, որ նա մեկ օր անգամ չի կարող ապրել առանց օպերա դիտելու, նա չի կարողանում քնել՝ առանց դաշնամուր նվագելու, արթանում է ջութակի հնչյունների ձայնից և սնվում՝ Մոցարտի երաժշտությամբ, անշուշտ, կծու համեմունքներով: Սպորտի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ճիշտ է, նա դեռևս հստակ չգիտի՝ քանի հոգով են վոլեյբոլ խաղում, բռնցքամարտը քանի ռաունդից է կազմված, բայց ձեռնոց է նետել աֆրոամերիկացի ծանրքաշային բռցքամարտիկ Մուհամմեդ Ալիին. ցավոք սրտի՝ Ալին արդեն մահացել է և չի կարող ընդունել նրա մարտահրավերը: Ինչպես ասում են՝ Ալիի բախտը բերել է: 

Որպեսի իր մեղադրական բանավոր տրակտակը ավելի հավաստի ու ելակետային թվա, հայ արևելագիտության տիտանը նաև հարց է տալիս՝ ինչու՞ են բանասիրության  ֆակուլտետ մի կերպ՝ ութ միավորով ընդունվում: Նախ ասեմ, որ պարոն սուպերնախարարը բավականին թերի ինֆորմացիա ունի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մասին, այնուամենայնիվ, չեմ ուզում հավատալ, որ նա այնաստիճան անտեղյակ է, որ չի հասկանում ութերով ընդունվելու պատճառը, բայց մի նախադասությամբ կարելի է նրան հիշեցնել, որ ութերը դպրոցի հետևանքներն են, այն դպրոցի, որին ինքը վստահում է, և հայտարարում, թե ուսանողն այնտեղից հայերեն սովորած գալիս է համալսարան և կարիք չունի՝ նույնը կրկնելու: Ահա  դպրոցի մակարդակը, և Արայիկ Հարությունյանն իրեն հատուկ անմեղսունակությամբ հավաստեց, որ, այո, դպրոցը չի կարող հայերենի բավարար իմացություն տալ, և հայագիտական առարկաները ՀՀ բուհերում ենթակա են պարտադիր ուսուցման:

Թող ինքն իրեն հարց տա, քանի՞ միավորով են ընդունվում արևելագիտության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, իրավաբանության և մյուս ֆակուլտետներ: Դրանից հետո թող ինքն իրենց մի հարց էլ տա՝ հետանկախության շրջանում ի՞նչ հասարակական-քաղաքական դիրքեր են գրավել հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները և… լռի:

Ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգն ասում էր. «Ամենահուսաբեկ վախկոտը գազան է դառնում՝ հազիվ զգալով իր հետևում ինչ-որ ուժ»: Եվ ահա, կրթության Արայիկը, պաշտոնի բերումով, իր հետևում զգալով ինչ-որ ուժ, ծառս է լինում: Բայց չմոռանանք, որ պաշտոնը վարունգի պես է, մարդիկ մեկ ձեռքում են տեսնում, մեկ հետևում… զգում դրա ուժը: Դեգրադացիայի զոհն ու պաշտոնական ներկայացուցիչն իրավունք չունի որևէ մեկին մեղադրել դեգրադացիա անելու մեջ:

Առհասարակ նախարարին խորհուրդ եմ տալիս մեր ֆակուլտետի դասախոսների մասին խոսելիս գտնվել առավել պարկեշտության սահմաններում. Սրապիոնյանի դեպքից հետո, սա երկրորդն է, երորդը կարող է ավելի վատ ավարտ ունենալ:

 

Միշտ Արծրուն Ավագյանի ուսանող՝ Գևորգ Գյուլումյան