Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացառեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի: «Եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք, հետևաբար` այդ համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա»,- ասաց նա եւ հավելեց, որ հանդիպում են ունեցել վարչապետի հետ և քննարկել առկա բոլոր հարցերը:
Վարչապետի մոտեցումը, ըստ Վարդանյանի, հետևյալն է՝ նա նոր անվանումով նախարարությունում /նախկին Էկոնոմիկայի նախարարության փոխարեն ստեղծվող-խմբ./ պատկերացնում է ավելի շատ բիզնես մտածողություն ունեցող անձի, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձի, և նրա համար շատ կարևոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Նա նշեց, որ վարչապետը բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի և՛ քաղաքական հատկությունները, և՛ իմացությունը, նա բացարձակապես որևէ խնդիր չունի Արծվիկ Մինասյանի հետ:
«Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ լրագրության ու հասարակության մեջ թյուրընկալում է տեղի ունեցել` կապված առաջին նիստի հետ: Վարչապետը բացարձակապես նման ցանկություն չի ունեցել, հակառակը` ափսոսում է և ասել է, որ շատ է ուզում աշխատել Արծվիկ Մինասյանի հետ և առաջարկություն է արել և՛ Դաշնակցությանը, և՛ Արծվիկ Մինասյանին»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` իրենց համար հասկանալի է, թե վարչապետն ինչ է ուզում անել տնտեսության ոլորտում, որպեսզի ոլորտը զարգանա, ուստի իրենք աջակցում են վարչապետի այդ նախաձեռնություններին:
«Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը: Դաշնակցության համար բացարձակ կարևոր չէ, թե մենք քանի նախարարություն կունենանք: Մեր համաձայնագրի մեջ մենք խնդիրներ ենք ձևակերպել, եթե այդ խնդիրները լուծվում են, մենք կարող ենք և ոչ մի նախարար չունենալ, կարող ենք և հինգ նախարար ունենալ: Արծվիկ Մինասյանի կարողությունները լիուլի կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում իր գործառույթները կատարելուն»,- նշեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ Արծվիկ Մինասյանը, լինելով և\' քաղաքական գործիչ, և\' մասնագետ, տիրապետելով բոլոր խնդիրներին, բիզնեսի հետ առնչություն չի ունեցել, բնական է, որ վարչապետին պետք է ձևավորել այնպիսի թիմ, որով ինքը կարող է տնտեսության խնդիրները լուծել:
«Այս փուլում մենք տեսնում ենք վարչապետի վճռականությունը` բոլոր երևույթների դեմ իսկապես պայքարել: Ես հույս ունեմ, որ կարողանալու ենք: Ես նաև առաջարկում եմ գնահատել արդյունքներով, տասը օր է, որ ընդամենը նշանակվել է վարչապետ, սպասենք արդյունքների»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով` կարևոր է, որ կառավարությունն իր առջև դրված բոլոր խնդիրները լուծի, մասնավորապես` ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի:
Նա նաև հայտնեց, որ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները: