կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 12:11
Տարածաշրջան

Հայաստանը հնարավորություն ունի ազատվելու այն ճիրաններից, որոնց մեջ իրեն տարիներով պահում է. Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Հայաստանը հնարավորություն ունի ազատվելու այն ճիրաններից, որոնց մեջ իրեն տարիներով պահում է. Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Նրանք, ովքեր 30 տարի լռել են Ղարաբաղի և Ադրբեջանի այլ հողերի անարդար, անօրինական և անբարոյական օկուպացիայի մասին, կրում են թափված արյան և ողբերգությունների հիմնական պատասխանատվություն․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում։

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին, որ բոլոր հարթակներում ապահովվեն եռակողմ համաձայնագրից բխող՝ նրա իրավունքները, առաջին հերթին՝ այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի»։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ «Ղարաբաղի և այլ հողերի ազատագրումը» շատ նշանակալի իրադարձություն է, որը կդառնա «Կովկասում նոր դարաշրջանի» մեկնարկային կետը։ «Այս նոր դարաշրջանը Հայաստանին հնարավորություն է տալիս ազատվելու այն ճիրաններից, որոնց մեջ նա իրեն պահում էր տարիներ շարունակ»,- ասել է Էրդողանը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ նա նշել է, որ Անկարան «անլուծելի խնդիրներ» չունի ոչ մի երկրի հետ, եթե թշնամական վերաբերմունք չցուցաբերվի Թուրքիայի և նրա ժողովրդի նկատմամբ։

«Մենք ցանկանում ենք, որ Կովկասի մարդկային և տնտեսական ներուժն օգտագործվի այստեղ ապրող յուրաքանչյուրի համար՝ խաղաղություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ դա կնպաստի նոր գլոբալ համակարգում Կովկասի ռազմավարական նշանակության աճին։

«Թուրքիան վճռական է իր ներդրումն ունենալ այս աշխարհագրության լուսավոր ապագայում, որի հետ նրան միավորում են երկարատև պատմամշակութային կապերը»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը: