կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 13:00
Քաղաքական

Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնց ''մարդ է սարքել''

Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնց ''մարդ է սարքել''

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի մասին, նշեց, որ Քոչարյանի քննադատությունները տրամաբանական էին և ճիշտ, բայց հարցն այն է, թե ո՞ւմ է նա ուղղում իր կոչը:

 

«Եթե ուշադիր նայեք` նրա արտահայտման ոճը վիրավորված արժանապատվության դրսևորում էր: Նա չի ներում այն մարդկանց, որոնց մարդ է սարքել: Նույն Տիգրան Սարգսյանին նա դարձրել է ԿԲ նախագահ, նախարարներին մարդ է սարքել: Այդ մարդիկ նրան թագավոր էին ասում, հիմա համարձակվում են հարձակվել նրա վրա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

 

Նրա համոզմամբ` բոլոր կարևոր որոշումներն իրականում ընդունում է Սերժ Սարգսյանը, ուստի ստացվում է, որ Քոչարյանը նրան է մեղադրում, բայց դա էլ անիմաստ է, որովհետև նրանք թիմակիցներ են: Հովհաննես Իգիթյանը նշեց, որ չի ընդունում բանավիճելու այդ ձևը՝ հարցազրույցների կամ հրապարակումների միջոցով, ինչպես նաև կուսակցական ժողովի, տեսանյութերի կամ հատուկ լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ: «Բա՞ն ունեք ասելու, նստեք իրար դիմաց ու բանավիճեք: Թող նստեն այն լրագրողների դիմաց, որոնք իրականում ավելի շատ են տեղեկացված ժողովրդի խնդիրներից և պատասխանեն ոչ թե հարմարավետ, այլ նաև ոչ այնքան հարմար հարցերին»,- ասաց նա:

 

Իգիթյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում մի ձև կա` իշխանության գալու՝ ընտրությունների միջոցով, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է վարչապետ դառնալ, ապա Բաղրամյան 26-ի տեղն էլ գիտի, Սերժ Սարգսյանի տան տեղն էլ: Թող գնա նրա մոտ ու հայտնի իր ցանկությունը: «Ուստի չեմ կարծում, որ նա ուզում է վարչապետ դառնալ, պարզապես վիրավորված է Տիգրան Սարգսյանի խոսքից, որ նա համարձակվել է մեղադրել Քոչարյանի կառավարումը և քայլերը: Թող Ռոբերտ Քոչարյանն ասի, որ սխալվել է կադրային հարցում՝ Տիգրան Սարգսյանին դարձնելով ԿԲ նախագահ: Կամ շրջանային էլցանցի ղեկավար Արմեն Մովսիսյանին դարձրել է էներգետիկայի նախարար, ով, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ապաշնորհ բանակցություններ է տարել Ռուսաստանի հետ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

 

Նա նաև կարծիք հայտնեց, որ այսօր այն մարդիկ, ովքեր օգնել են Սերժ Սարգսյանին դառնալ նախագահ, համարում են, որ հերթը իրենցն է: Կան շատ պատգամավորներ, գործարարներ, որոնք, գնալով բազմաթիվ ընտրակեղծիքների, դրսից եկած Սերժ Սարգսյանին դարձրել են նախագահ: «Քոչարյանի քննադատությունները ուղղակիորեն կապվում են Մաքսային միության հետ: Նա կողմնակից է Մաքսային միությանը, ուղղակի Քոչարյանն ասում է՝ ես ավելի լավ կանեի ու ավելի շատ զիջումներ կկորզեի Ռուսաստանից, քան Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: