կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 14:54
Քաղաքական

Երկու կոնկրետ հանձնարարական է տրվել. ինչ են քննարկել Լոքյանն ու մարզպետերը

Երկու կոնկրետ հանձնարարական է տրվել. ինչ են քննարկել Լոքյանն ու մարզպետերը

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օրերս, հանրապետության մարզպետերի մասնակցությամ,բ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցության ժամանակ երկու կոնկրետ հանձնարարական է եղել: «Մեկը վերաբերում է մարզի՝ 2017-2025 թվականների ընդհանուր սոցիալ-տնտեսական ծրագրերին, մյուսը՝ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին: Նախկինում համայնքի ղեկավարն ընտրվում էր չորս տարի ժամանակով, քառամյա զարգացման ծրագիր էր մշակում ավագանին և հաստատում, հիմա արդեն, քանի որ համայնքի ղեկավարներն ընտրվում են հինգ տարի ժամկետով, բնականաբար, համայնքի զարգացման ծրագիրը դառնում է հնգամյա: Ըստ համայնքային տնտեսության զարգացման խնդիրների, առաջնահերթություններ են դրվում»,- ասաց մարզպետը՝ հավելելով. «Եթե խոսենք համայնքների հնգամյա զարգացման ծրագրի մասին, ասեմ, որ հատուկ մեթոդաբանություն գոյություն ունի, որ մենք պետք է ներկայացնենք, ու համայնքներն էլ դրանով առաջնորդվեն»:

Նալբանդյանի խոսքով՝ մեթոդաբանության նախնական պատկերն առաջիկայում կլինի: «Իհարկե, այնպես չէ, որ մարզը չի ունեցել զարգացման ծրագիր, մարզը մինչ օրս էլ ունի, օրինակ, տնտեսության զարգացման ծրագիր, և ամեն տարի՝ զարգացման ծրագրի հիման վրա, մենք առաջ ենք շարժվում: Այն ամենակարևոր փաստաթուղթն է: Համայնքների տարեկան բյուջեն հաստատելու հիմքում ունեցել ենք համայնքի քառամյա զարգացման ծրագիրը»,- ասաց մարզպետը:

Նա ընդգծեց նաև, որ ինչպես յուրաքանչյուր մարզ, այնպես էլ իր ղեկավարած մարզն ունի յուրահատուկ մոտեցման անհրաժեշտություն: «Մենք մեր տարածաշրջաններին համապատասխան, օրինակ՝ Տաշիրում, Ստեփանավանում, Թումանյանում, արդեն հստակ գիտենք՝ որ տարածաշրջանը տնտեսության զարգացման ինչ ծրագիր ունի, և ըստ այդ տնտեսության զարգացման հեռանկարների` մենք փորձելու ենք ներկայացնել 17-25 թվականների զարգացման մեր ռազմավարությունը: Դրանք, իհարկե, նախնական են, բայց հաշվի են առնվում տվյալ տարածաշրջանի յուրահատկությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` զարգացման ծրագիրը վերաբերում է ինչպես խոշորացված, այնպես էլ չխոշորացված համայնքներին: «Տարբերություն չկա՝  խոշորացված համայնք է, թե` չխոշորացված, նույն սկզբունքով է լինում, սակայն միայն խոշորացված համայնքներն են հնգամյա զարգացման ծրագիր ունենալու»,- նշեց Նալբանդյանը: