կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 15:34
Առանց Կատեգորիա

Լուրջ քաղաքական վերադասավորումների շեմին

Լուրջ քաղաքական վերադասավորումների շեմին

ԿԸՀ-ն ամփոփում է նախօրեին մոտ 373 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Դրանք գնահատելը, վերլուծելը դեռ վաղ է, սակայն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, անցակցված ընտրությունները և դրանց արդյունքները որոշակի եզրակացությունների հնարավորություն են տալիս:

Երկու քաղաքներում էլ տեղական իշխանությունները ձևավորվում են համամասնական ընտրակարգով ընտրություններով: Թե\' իշխանության և թե\' քաղաքական ուժերի կողմից այն ընկալվում է որպես 6 ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սեփական ուժերը չափելու, իշխանության մարտավարության ընդհանուր տրամաբանությունը հասկանալու, նոր ընտրական օրենսգրքի կիրառական հնարավոր սողանքները, բացերը բացահայտելու շանս: Եվ բոլոր այս ուղղություններով էլ ընտրություններն առավել քան ինֆորմատիվ էին:

Ըստ նախնական տվյալների` Գյումրու ավագանիում հարաբերական մեծամասնություն է կազմել իշխանությունը ներկայացնող «Բալասանյան» դաշինքը: Քանի որ մանդատների հաշվարկման բարդ սխեմայով դաշինքը ձեռք  է բերում մանդատների 40 տոկոսից ավելին, ապա միայն անցողիկ բոնուսային մանդատներ ստանալու շնորհիվ է, որ նրա ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը կրկին կստանձնի քաղաքապետի պաշտոնը: Գյումրու ավագանիում ընդգրկվելու մանդատ են ստացել նաև ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը և ԳԱԼԱ-ն, չնայած դեռ պաշտոնապես չի հաստատվել՝ ինչ համամասնությամբ են նրանց միջև բաշխվելու ավագանու մնացած տեղերը:

Վանաձորում, սակայն, ՀՀԿ-ն, ստանալով հանդերձ ընտրողների 37,5 տոկոսի ձայները, զրկվել է ոչ միայն բացարձակ, այլև հարաբերական մեծամասնություն կազմելու իրավունքից՝ առաջին հերթին այն պատճառով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 27.5 տոկոս քվե է ապահովել: Եվ ՀՀԿ-ին այլ տարբերակ չի մնում, քան քաղաքապետ ունենալու համար դաշինք կազմել ավագանի անցած մյուս՝ ԼՀԿ,  ԲՀԿ, ՎՀԿ և ՀՅԴ կուսակցություններից որևէ մեկի կամ երկուսի հետ:

Երկու քաղաքներում արձանագրված այս արդյունքները հետաքրքրական են մի քանի պատճառներով: Նախ՝ դրանցում ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տանել չկարողացավ: Անգամ` Գյումրիում Սամվել Բալասանյանի կազմած մեծամասնությունը խիստ հեղհեղուկ ու սահմանային է: Նա ստիպված է լինելու ժամանակ առ ժամանակ մյուս ուժերից որոշների աջակցությանն ապավինել: Այսինքն` ձևավորվել է մի հարաբերակցություն, որի պարագայում էականորեն մեծանում է կոմպրոմիսային որոշումներ կայացնելու, հետևաբար` նաև տեղական իշխանությունների հաշվետվողականության մակարդակը: Այլ կերպ ասած՝ երկու առանցքային քաղաքներում ՀՀԿ-ն կորցնում է դիրքերը, երկու քաղաքում էլ վերանում է Հանրապետականի քաղաքական մենաշնորհը:

Որքան էլ ՏԻՄ ընտրությունները տեղական բնույթ կրեն և լինեն անձնավորված, ակնհայտ է, որ եթե դրանցում կիրառված խաղի կանոնները պահպանվեն նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն լուրջ խնդիրներ է ունենալու: Գյումրու և Վանաձորի ընտրությունները կարող են նախանշել ոչ միայն ՀՀԿ-ի կողմից իշխանության մասնակի հանձնման գործընթացի մեկնարկը, այլև նոր խորքային քաղաքական վերադասավորումների հեռանկարը: Եթե քաղաքական քիչ, թե շատ արդարացի մրցակցությանը գնալն իսկապես իշխանության կողմից քաղաքական ուղեգիծ է, այլ ոչ թե միայն ՏԻՄ ընտրություններով սահմանափակվող հանգրվանային տակտիկական նահանջ, ապա մեծանում է 2017թ. ընտրությունների արդյունքում որակապես նոր իշխանության ձևավորման հեռանկարը:  

Բայց իշխանության հարաբերական այս պարտությունը բացարձակապես ընդդիմության հաղթանակը չի նշանակում: Իրականում` ընդդիմությունն ավելի լուրջ պարտություն կրեց, որովհետև իշխանությունը հարաբերական մեծամասնություն ունենալու հնարավորություն ստացավ հենց այն պատճառով, որ ընդդիմադիր ուժերը, ավելի շատ իրար դեմ պայքարելով, ուղղակի փոշիացրին ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները,  այդ հատվածականության պատճառով առաջացրին ընտրողների մեծ մասի հիասթափությունը: Ահա, թե ինչու, գյումրեցիների և վանաձորցիների մեծ մասը նախընտրեց ուղղակի ընտրատեղամաս չգնալ, և ահա, թե ինչու նախկին ՕԵԿ, այսօր «Հայկական վերածնունդը»-ը կարողացավ նման արդյունք գրանցել:

Ընդհանրապես, ընտրողների հարցը դառնում է քաղաքական ուժերի ամենամեծ գլխացավանքը: Մեծ հաշվով` ուժերի այս հարաբերակցությունը ձևավորեց ակտիվ, բայց քաղաքացիական գիտակցություն չունեցող, քաղաքականապես ոչ հասուն, ինչ-որ տեղ՝ լյումպեն մասսան: Ընտրողների 63.4 տոկոսը, փաստորեն, տուրք տվեց թե\' քաղաքական ուժերի և թե\' ընտրական համակարգի նկատմամբ ձևավորված անվստահությանը: Ընդդիմադիրները չկարողացան այս մարդկանց համոզել, որ կարող են պաշտպանել նրանց քվեն,  և որ նրանց պասիվությունն է անորակ փոքրամասնությանը հնարավորություն տալիս որոշելու նրանց ճակատագիրը: Մինչև խորհրդարանական ընտրությունները քաղաքական ուժերը պետք է կարողանան գտնել այս մարդկանց սրտերը մտնելու և նրանց ընտրատեղամաս բերելու «բանալին»: Բայց դրա համար անհրաժեշտ է երկու բան. նախ՝ որ քաղաքական ուժերը խնդիրների պատճառները նախ իրենց մեջ փնտրեն, երկրորդ՝ դուրս գան ընտրողների մասին ֆեյսբուքյան ընկալումների տիրույթից և «իջնեն» իրական կյանք, որտեղ իրական ընտրողն առաջնորդվում է բացարձակապես այլ մոտիվացիաներով և բնույթով լրիվ ուրիշ է:  

Չնայած այս հանգամանքին՝ թե\' Գյումրիի և թե\' Վանաձորի ընտրություններին մասնակցած բոլոր ուժերն էլ անխտիր ընդունեցին քվեարկության արդյունքները: Նրանցից և ոչ մեկը, փաստացի, ընտրությունների արդյունքները կասկածի տակ չի դրել: Նրանք փաստորեն, լեգիտիմ են համարում արձանագրված արդյունքները: Իշխանությանը քննադատելու փոխարեն ներկայումս բոլորի մոտ էլ տեղի է ունենում ինքնավերլուծության գործընթաց, որոշները նույնիսկ ընդունում են, որ պարտություն են կրել/Նիկոլ Փաշինյան -խմբ./: Սա խոսում է երեք բանի մասին: Առաջին՝ նրանց հաջողվել է վերահսկել կոնկրետ ընտրատեղամասում քվեարկության և ձայների հաշվարկի ողջ գործընթացը, երկրորդ՝ իշխանությունը չի գնացել ցանկալի արդյունքների «նկարման»` նախկին, այսպես կոչված, ընտրատեղամասային կեղծարարական մեխանիզմների կիրառմանը, և վերջապես երրորդ՝ ընդդիմությունը չի կարողանում գտնել ընտրատեղամասից դուրս գործադրվող՝ ընտրությունների արդյունքների վրա ազդող մեխանիզմները չեզոքացնելու եղանակ, և հենց սա է լինելու հիմնական մարտահրավերը խորհրդարանական ընտրություններում:

Պայքարի հիմնական «ֆրոնտը», ըստ այդմ, դառնում է յուրաքանչյուր ընտրողի հետ ուղղակի աշխատանքի հարթությունը: Ուզեն, թե չուզեն, ապագա խորհրդարանում տեղեր ունենալու մրցապայքարում ներգրավվող բոլոր պոտենցիալ ուժերը ստիպված են մոտենալ սովորական, շարքային մարդուն, նրա իրական պահանջմունքներին, ակնկալիքներին, իրական կենցաղին ու խնդիրներին: Եվ սա է Գյումրիի և Վանաձորի ընտրությունների հիմնական «ուղերձը»:       

Գևորգ Դարբինյան