կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 20:32
Հասարակություն

Գործով վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը

Գործով վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը

Սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն 25 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը: Վերանորոգված անկախության հոբելյանական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, ոգևորելու, արժևորելու ձեռքբերումները, մատնանշելու ձախողումներն ու դրանք շտկելու ուղիները։ 

Անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է եղել հայ ժողովրդի համար: Մեր հայրենիքը գրեթե միշտ գտնվել է էթնոկրոնական, աշխարհաքաղաքական վայրիվերումների ու տեղաշարժերի կիզակետում։ Դա է պատճառը, որ հայ ժողովրդի պատմությունը հատկանշվում է իր ազգային պետականության պահպանման կամ անկախության վերականգնման տևական պայքարով։ Պայքար, որի արդյունքում հինգհազարամյա մեր պատմության ընթացքում քանիցս կարողացել ենք վերանորոգել մեր պետականությունը, վերահաստատել մեր գոյության իրավունքը։ Մեր լինելիության իրավունքը հերթական անգամ մենք վերահաստատեցինք 1991 սեպտեմբերի 21-ին։

1991թ. սեպտեմբերի 21-ից տասն օր առաջ  Հ.Յ. Դաշնակցությունը հանդես եկավ ժողովրդին ուղղված հետևյալ կոչով.

« Հայրենակիցնե՛ր,

 Վճռական ընտրություն ենք կատարելու ամենքս սեպտեմբերի 21-ին: Ուզո՞ւմ ենք անկախ ապրել, ուզո՞ւմ ենք ազատ ապրել, ուզո՞ւմ ենք ինքներս տնօրինել մեր ճակատագիրը, թե` ոչ: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վստահ է, որ հայ ժողովրդի պատասխանը միանշանակ է լինելու՝ ԱՅՈ:

…Մենք վայրկյան իսկ չենք կասկածում, որ այս արժանապատիվ ընտրությամբ նոր քայլ ենք անելու մեր ազգային նպատակների իրագործման, յուրաքանչյուր հայի երջանկության ապահովման ճանապարհին:

 Սեպտեմբերի 21-ին յուրաքանչյուրիս ԱՅՈ-ն մեր ընծայումն է Հայրենիքին: Կատարենք մեր պարտքը: Վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը»:

Անկախ պետականության արժևորման առումով մենք այսօր էլ նույն դիրքերում ենք: Ճիշտ է՝ մեր նոր պետականությունն արդեն 25 տարեկան է, և մենք իրավունք ունենք խստապահանջ լինելու, բայց ճիշտ է նաև, որ մեր պետականությունը տակավին 25 տարեկան է, և մենք պարտավոր ենք հավելյալ ջանքեր ներդնել։ Մարդկանց արժանապատիվ կյանքի համար պայմաններ ստեղծելու, հասարակությանը համախմբելու առումով մենք հսկայական անելիք ունենք։  Քաղաքական ռոմանտիզմի ժամանակները պետք է թողնենք անցյալում, և յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր չափով ներդրում ունենանք հայրենի պետականության շենացման գործում։ Պետության կայունությունը, պաշտպանունակությունն ամրապնդելը, երկրի հեղինակության աճը մեր բոլորի պարտականությունն է։

Առհասարակ՝ անկախ պետականությունը ազգի ինքնակազմակերպման բարձրագույն եղանակն է, նրա  բնականոն առաջընթացի նախապայմանը։ Իբրև աշխարհասփյուռ ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետությունը կոչված է լինել համայն հայության հայրենիքն ու նրա շահերի պաշտպանը: Ըստ այդմ էլ՝ հայկական անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը պետք է դառնա համայն հայության գերխնդիրը: Մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը մեր խտացված հայրենիքն է, որ զսպանակված ուժականություն ունի հզորանալու և ծավալվելու, ինչի առհավատչյան է ազատագրված Արցախը։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին, հաղթահարենք հիասթափությունները, մերժենք մեզ պարտադրված կեղծ արժեքները։ Մենք կարող ենք և պետք է զարգանանք` առանց զիջելու։ 

Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը, մենք այն սրբությամբ պետք է պահպանենք։ Եթե մենք մեր արժանապատվությանն ու հպարտությանը տեր չկանգնենք, ոչ ոք մեզ չի հարգի, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի։  Ցավոք, այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր դեռ չեն ընդունում այս պարզ ճշմարտությունը։ Եվ սրա հիմնական պատճառը մեր պետության ներսում տիրող անարդարություններն ու հոռի բարքերն են։ Մեզանում արմատավորված այս երևույթները ավելի վտանգավոր են և կործանարար, քան ցանկացած արտաքին թշնամի։ Այս վիճակն է, որ պետք է օր առաջ փոխվի և փոխվի արմատապես։ Սա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ, վստահություն ներշնչող ծրագիր և նվիրված աշխատանք։

Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ազատ քաղաքացին է պետականության նեցուկն ու հենարանը։ Մեր պարագայում առավել ևս այդպես է. ժամանակակից աշխարհում մեր կարևորագույն մրցակցային առավելությունը մարդն է, մեր մարդկային ներուժը։

Անցնող տարիների ընթացքում պետականաշինության գործում հայկական սփյուռքի ներդրումը զգալի է եղել։ Սփյուռքն էր, որ տասնամյակներ շարունակ անթեղված պահեց անկախության կրակը, հայրենիքից դուրս կերտեց հոգևոր Հայաստան, իսկ վերանկախանալուց հետո զորավիգ եղավ Հայաստանին ու Արցախին:

Հայության առջև ծառացած մարտահրավերներին մենք ի զորու ենք դիմակայել, եթե առաջնորդվենք համահայկական օրակարգերով, լինենք համախմբված, գործենք միասնաբար։ Ժամանակակից գլոբալացվող աշխարհում մենք ունենք համեմատական մրցակցային առավելություններ, որ լիարժեք չենք օգտագործում։ Հայրենիքում, թե արտերկրում, իշխանության կազմում, թե ընդդիմության մեջ, մարտի դաշտում, թե քաղաքացիական կյանքում մեր գործը մշտապես պետք է ուղղված լինի հայոց պետականության կայացմանը ու հզորացմանը:

Մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, Հայաստանն ու Արցախը, ըստ էության, դեռ պատերազմի ու շրջափակման մեջ են։ Մեր պետականության կայացմանն ու հզորացմանը զուգահեռ` մենք նաև հողահավաքի և հայահավաքի խնդիր ունենք։ Մենք պարտավոր ենք կերտել մեր պատմության փառահեղ նոր էջը։

Մնում է հավատալ, մնում է կազմակերպ աշխատանքով արմատախիլ անել մեր պետականության զարգացմանը խոչընդոտող բոլոր արատավոր երևույթները: Մնում է սիրենք միմյանց և նայենք առաջ, նայենք նույն ուղղությամբ:

Վստահ ենք՝ այդ ճանապարհը մեզ է վերադարձնելու 1991թ. սպտեմբերի 21-ի խանդավառությունը: Այդ ճանապարհը մեզ տանելու է դեպի ազատ, բարեկեցիկ, հզոր ու միացյալ Հայաստան:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն