|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և ՀՀԿ-ի կողմից այդ պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակման քաղաքական որոշման հայտնի դառնալուց հետո անընդհատ շրջանառվում է այն գաղափարը, որ կարևորը համակարգային փոփոխություններն են, այլ ոչ թե անձերի փոփոխությունը: Այս մոտեցումն, իհարկե, հասկանալի է և բխում է հնարավորինս արագ և իրական փոփոխություններ տեսնելու` հասարակության սրված ակնկալիքներից: Սակայն բնական հարց է առաջանում՝ իսկ լինո՞ւմ են ընդհանրապես հավատ ներշնչող համակարգային փոփոխություններ՝ առանձ անձերի փոփոխության: Ենթադրենք՝ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չէր տալիս, սակայն կառավարության նիստում նորից և շատ ավելի համոզիչ տոնով հայտարարում էր, որ սկսում է ակնկալվող այդ փոփոխությունները: Հասարակության քանի՞ տոկոսն էր դրան հավատալու՝ իշխանության հանդեպ վստահության ներկայիս խորքային ճգնաժամի պայմաններում: Ի դեպ նման փորձ Հովիկ Աբրահամյանն արել էր այս տարվա մայիսին, երբ հայտարարեց պետական ծախսերը կրճատելու, կառավարման համակարգն օպտիմալացնելու և կոռուպցիայի դեմ համակարգված պայքար սկսելու մասին: Այդ նպատակների իրագործման հանդեպ թերահավատությունն այդպես էլ չվերացավ և հիմնական փաստարկն այն էր, որ դա իրատեսական չէ նույն կադրային պոտենցիալով: Ցանկացած բարեփոխման արժանահավատությունը մեծապես պայմանավորում է այն հանգամանքը, թե ով է դրանք նախաձեռնում և ով է իրականացնում: Եվ այս իմաստով, մանավանդ հայաստանյան իրականության պայմաններում, առանց անձերի և առաջին հերթին պատասխանատու պաշտոնատար անձանց փոփոխության, հնարավոր չէ առհասարակ պատկերացնել որևէ առարկայական բարեփոխում:
ՀՀԿ ԳՄ նիստում Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ընդունելու և վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու մասին որոշումները հիմնավորելիս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ` «Կարեն Կարապետյանը կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով» և «նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ»: Դրանով նախագահն անուղղակիորեն հասկացրեց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառն այն է, որ նա ունակ չէր «զարգացումները տանել ժամանակակից ուղով» և գործել նոր փիլիսոփայությամբ, այլ կերպ ասած՝ այդ կառավարությունը չուներ ոչ նոր բարեփոխումներ իրականացնելու բավարար կարողություն և ոչ էլ դրա համար անհրաժեշտ հանրային վստահություն:
Եվ ահա այս ֆոնին ՀՀԿ ԳՄ նիստից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ ինքը, անկախ նրանից՝ ինչպես կբաշխվեն պորտֆելները նոր կաբինետում, մնալու է իր պաշտոնին, այսինքն շարունակելու է լինել Սյունքի մարզպետը: Դժվար է հասկանալ՝ որտեղի՞ց այդ վստահությունը Խաչատրյանին: Սակայն այն պարագայում, երբ նույն նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ նոր կառավարությունն ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, և որ առաջիկա փոփոխությունները վերաբերելու են կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներին, նման վստահությամբ իր վերաբերյալ Խաչատրյանի հայտարարությունը, մեղմ ասած, անհասկանալի է:
Հիմա հարց է առաջանում. ի՞նչն է հիմք տալիս կարծելու, որ Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը կարողանալու է իրականացնել պահանջված բարեփոխումները: Խորհրդարանական ընտրություններին մնացել է առավելագույնը 7-8 ամիս ժամանակ, եթե դուրս ենք գալիս ընտրությունների արդյունքների կանխորոշվածության մասին հասարակական շրջանակներում առկա կանխավարկածի դաշտից: Չպետք է բացառել, որ 2017թ. ընտրությունների արդյունքները ցանկացած պարագայում կարող են լինել այնպիսին, որ կամ ներկայիս իշխանությունն ընդհարապես զրկվի կառավարություն ձևավորելու մանդատից, կամ ԱԺ-ում հաստատվի ուժերի նոր հարաբերակցություն: Դա կստիպի վարչապետի թեկնածուի հարցում գնալ այնպիսի փոխզիջումների, որոնց արդյունքում ձևավորվելիք նոր կառավարության ղեկին հայտնվի բոլորովին այլ մարդ: Հետևաբար նոր կառավարությունը կարող է ունենալ երկարաժամկետ հեռանկարին միտված մտապատկեր, տեսլական, սակայն իր ծրագրերն ու պլանները կարող է մշակել առավելագույնը 7-8 ամսվա կտրվածքով: Ակնհայտ է, որ այս ընթացքում հնարավոր չէ իրականացնել ակնկալվող համակարգային փոփոխությունները և արդեն խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ որակապես նոր կառավարման համակարգ, հասարակության պատշաճ կենսամակարդակ:
Խնդիրն իրականում շատ ավելի պարզ է. նոր կառավարության խնդիրը ոչ թե այդ ողջ ծավալով այդ փոփոխություններն իրականացնելն է, այլ դրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, պետության և պետական իշխանության նկատմամբ հասարակական անվստահության պատը ճեղքելը: Եվ այս կարճաժամկետ խնդրի համատեքստում անձերի փոփոխությունը դառնում է էական:
Կարեն Կարապետյանն իր հետ բերելու է կառավարման, ներքին փոխհարաբերությունների նոր մշակույթ: Նա նորարարական մտածողություն ունի, որը կարող է և պետք է ոչ միայն հակադրի հայաստանյան կառավարման համակարգում առկա դեգրադացիոն, պրիմիտիվ, կոնսերվատիվ շրջանակների գործելաոճին և նրանց հյուսած անանցանելի «սարդոստայնին», այլև ճեղքի դրանք: Բացի դրանից, գործող իշխանությունն ընդունել է, որ հայաստանյան կառավարման համակարգի հիմնական խնդիրներից մեկը, որը նաև իշխանության հանդեպ հասարակության վստահության լուրջ ինդիկատոր է, օլիգարխիայի, խոշոր բիզնեսի սերտաճումն է իշխանությանը: Հակառակ դեպքում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրում դժվար թե ամրագրվեր բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ ստեղծելու ռազմավարական ուղղությունը: Նոր կառավարության ձևավորումը կադրային քաղաքականության տեսանկյունից այդ համակարգի ստեղծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ամենահարմար առիթն է: Այն կարող է համոզել, որ իսկապես անձերի փոփոխությունը լիովին տեղավորվում է համակարգային բարեփոխումների կոնտեքստում: Եվ եթե իսկապես առկա է մինչև խորհրդարանական ընտրությունները իշխանության նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու քաղաքական կամք, ապա անպետք, հնացած, ճահճացած ու խոչընդոտող անձերից ազատվելը միանշանակ ճիշտ մեկնակետ է: Մնում է շարունակել...
Գևորգ Դարբինյան