|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքից խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը 2015-ին 147 տոննա խաղող է հավաքել, որից միայն 47 տոննան է մթերել ու տեղում գումարը ստացել, մնացած բերքը մթերվել է, բայց գումարի մասին միայն խոստումներ է լսում:
Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ խաղողը մթերելիս պայմանագիր չի կնքել մթերող ընկերությունների հետ, իրեն ասել են, որ բոլոր տվյալները համակարգչի մեջ են պահվում: «Հիմա փաստի առաջ եմ կանգնել. շուտով այս տարվա խաղողի մթերումը կսկսվի, բայց դեռ նախորդ տարվա մթերված բերքի գումարի մեծ մասը չենք ստացել: Արդեն դարձել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, որ խոսենք: Մեր միակ եկամտի աղբյուրը դա է, և հենց այդ գումարով ենք վարկ վճարում, ուսման վարձ ու կոմունալ վարձավճարները»,- ասաց Հովհաննիսյանը:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ նշեց, որ խաղողագործը հիմա 3 խնդրի առջև է կանգնել` բերքի մթերում, գումարի ստացում և պայմանագրի կնքում: Այսօր, ըստ նրա, խաղողագործ-մթերող կապը չկա: «Պետք է հասկանալ, որ գյուղացին առանց պայմանագրի չի կարող վաճառել իր բերքը: Խնդրի լուծման մի քանի տարբերակ կա` վերամշակողների համար պետք է հավասար մրցակցային դաշտ ստեղծել, և պետական աջակցություն լինի, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում: 2015-ին մթերված խաղողից դեռ 1,5 մլրդից ավել- գումար կա` չվճարված»,- ասաց Սարգսյանը հավելելով, որ 2016-ի բերքահավաքն արդեն սկսվել է, և գոնե պետք է մտածել, որ գյուղացին ծայրահեղ ծանր վիճակում է հիմա հայտնվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, սակայն, նախ նշեց, որ Սարգսյանի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրենց ունենած տվյալներին, քանի որ, ըստ իրենց տեղեկությունների,` 31,5 մլրդից չվճարված է մնացել 800 մլն դրամ: Այն, որ խաղողագործները հիմա հայտնվել են վատ վիճակում, ըստ Մակարյանի, ռուսական ռուբլու արժեզրկման և գնողունակության անկման հետևանք է:
«Ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա մենք 2011-ից աշխատում ենք մթերող ընկերությունների հետ կարգավորել այդ հարցը, և պետք է ասեմ, որ 2015-ին կնքված պայմանագրերի թիվը 2,5 անգամ ավելացել է: Կարծում եմ` խնդիրը ժամանակավոր է, քանի որ ամբողջ աշխարհում գյուղմթերքի ոլորտում գնանկում է արձանագրվել, որը, բնականաբար, որոշ ժամանակ անց կկարգավորվի»,-ասաց Մակարյանը` հավելելով, որ, բացի մեկ մթերող ընկերությունից, մնացած բոլորը յուրաքանչյուր ամիս ինչ-որ չափով վճարում են մթերված խաղողի գումարները:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ նշեց, որ մթերողների վիճակն էլ ծանր է, քանի որ նրանք էլ ունեն վարկեր, և գյուղացիները բերքի մթերումը վերածել են շոուի: «Մենք էլ ինքնարժեքից 2 անգամ ցածր կոնյակ ենք վաճառում, մեզ էլ պետք է հասկանաք, չէ՞: Ես հասկանում եմ ձեր մտավախությունը, բայց ամբողջ մեղքը ձերն է, քանի որ մենք այսօր փնտրում ենք հազվագյուտ հայկական տեսակի սորտեր, որոնց համար պատրաստ ենք վճարել 1 կգ-ի դիմաց 700-800 դրամ, բայց չենք գտնում»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի` խնդրին լուծում կտրվի, եթե գյուղացիները միավորվեն, արհմիություն ստեղծեն, ուսումնասիրեն շուկան, թե հատկապես ո՞ր սորտի խաղողն է անհրաժեշտ մթերողին: «Մի քիչ ձեզ թանկացրեք` հաջորդ տարի խաղողի գինը կթանկանա»,-:
Ի դեպ, այս տարի խաղողի մթերումը կսկսվի օրեր անց` սեպտեմբերի 15-ից: