կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-03 11:09
Հասարակություն

Մահացել է Հրաչյա Թամրազյանը

Մահացել է Հրաչյա Թամրազյանը

Այս գիշեր կյանքից հեռացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին Մատենադարանից: Թամրազյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի հետ կապված մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

***

Ծնվել է 1953թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: Գրականագետ Հրանտ Թամրազյանի որդին է: 1971թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ. աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-97թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը: 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007-ից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը: Հեղինակել է բազմաթիվ մենագրություններ և գիտական հոդվածներ ու ուսումնասիրություններ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության` մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Աշխատություններում Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների` Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Գրել է նաև բանաստեղծություններ, թարգմանել է մի շարք ստեղծագործություններ: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս.Եսենինի, Վ.Մայակովսկու, Բ.Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն: Գրական-թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների: 1984թ. արժանացել է «Ավանգարդ» թերթի մրցանակի, 1985թ.`«Գարուն» թերթի մրցանակի, 1991թ.` ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի` «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար, 2003թ.` տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակի` «Զվարթ գիտություն» գրքի համար և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մրցանակի, 2005թ.` ՀԳՄ Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի, 2007թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի, 2010թ.` Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին` «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար: 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։