կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 17:18
Իրավական

Հայաստանյան դատարանում առաջին անգամ կքննվի գենդերային խտրականության հարցը

Հայաստանյան դատարանում առաջին անգամ կքննվի գենդերային խտրականության հարցը

Լրագրող Սիրանույշ Պապյանը ևս երկու պահանջ է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Պապյանի ներկայացուցիչ Միհրան Աղաբաբյանը:

Նշենք, որ այս տարվա մայիսի 2-ին Սիրանույշ Պապյանը ոստիկանապետի դեմ դատական հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման հիմքով։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետին` ներողություն խնդրել հրապարակավ իրեն վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարճ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վիրավորել է լրագրողին: Ի պատասխան Սիրանույշ Պապյանի դիտարկմանը` «մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները», ոստիկանապետը պատասխանել է՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։

Լրագրողի ներկայացուցչի խոսքով՝ բացի հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելուց, հայցվոր կողմը խնդրել է նաև դատարանին` ճանաչել ու հաստատել հայցվորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը, ինչպես նաև հաստատել այն փաստը, որ Սիրանույշ Պապյանը ենթարկվել է գենդերային խտրականության:

Ի դեպ, փաստաբանը նշեց, որ գենդերային հավասարության հետ կապված իրավահարաբերության նոր օրենքը դեռևս գործածության մեջ չի մտել, և սա առաջին դատական գործն է, երբ պետք է քննարկվի այդ հարցը: «Առաջին անգամ դատական պրակտիկա կմտնի կնոջ և տղամարդու հավասարության վերաբերյալ իրավական նորմը»,- ասաց նա:

Այսօր դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ նշանակված նախնական դատական նիստում հայտնի դարձավ, որ պատասխանող կողմը դատարանից ժամանակ է խնդրել ներկայացված հայցի հիմքը և առարկան լրացնելու վերաբերյալ պատասխան հայտնելու համար:

Նշենք, որ այս կապակցությամբ Տեղեկատվական վեճերի խորհուրդն իր կարծիքն է հայտնել: ՏՎԽ-ն, մասնավորապես, հանգել է այսպիսի եզրակացության. «Հնարավոր չէ ասել, որ հանրային պաշտոնյան դրսևորել է անհրաժեշտ զսպվածություն ու հանդուրժողականություն, որի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ տեղի է ունեցել լրագրողի` տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անիրավաչափ միջամտություն»: