կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-17 15:57
Սպորտ

Դու չեմպիոն ես, Միհրա´ն

Դու չեմպիոն ես, Միհրա´ն

31-րդ ամառային օլիմպիական խաղերը դեռևս չեն ավարտվել, այդ թվում` հայ մարզիկների համար, սակայն հայ մարզասերներն արդեն հասցրեցին ապրել մեծ հիացմունքի, ափսոսանքի պահեր, ինչպես նաև զգալ սպորտային անարդարության դառնությունը: 

Իհարկե, այս անգամ սպորտային անարդարություն ասվածն ամենևին էլ մարզիկի վնասվածքը չէ, հակառակորդի սիմուլյացիայի պատճառով նրան չհաղթելը չէ, մրցավարական պատահական սխալի հետևանք չէ, ընդ որում`  սովորական մարզական միջոցառում էլ չէ, այլ բոլոր մարզիկների համար ամենասպասված, ամենամեծ մարզական նվաճմանը հասնելու հնարավորությունն է` օլիմպիական չեմպիոն լինելը, իսկ դա անձեռնմխելի է` օլիմպիական չեմպիոն դառնում են և մնում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Արմեն Նազարյանից միայն 20 տարի անց մենք կրկին ունեցանք օլիմպիական ոսկի: Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները` Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, մեկը մյուսի ետևից  ֆանտաստիկ հաղթանակներ տանելով, դուրս եկան եզրափակիչ: Երկուսն էլ դարձան չեմպիոն, սակայն նրանց բաժին հասան տարբեր հարկի մեդալներ: Արթուրը եզրափակիչում հաղթեց մրցակցին և նվաճեց ոսկե մեդալ: Միհրանն էլ հաղթեց, սակայն Միհրանի հաղթանակը չերևաց միայն մրցավարների համար և չերևաց միայն լուսատախտակի վրա:  Միհրանը չեմպիոն է մեզ համար, բոլորիս համար, բայց` ոչ իր, քանի որ նման խայտառակ կերպով խլել մարզիկից այդքան երկար սպասված ոսկե մեդալը, ջուրը գցել տարիների քրտնաջան աշխատանքը, մեղմ ասած, մարդկային չէ:

Եզրափակիչում Միհրանին հաղթած սերբ մարզիկն, իհարկե, ամենևին էլ չվայելեց օլիմպիական չեմպիոն դառնալու իսկական բերկրանքը: Դժվար է ասել, թե իր երկրում ինչպես կպարգևատրեն նրան, սակայն այդ պարգևներով չես կարող քեզ «զգալ» օլիմպիական չեմպիոն:   Ի դեպ, այս ամենը հնարավոր չէր չնկատել` գոտեմարտից հետո նայելով սերբ հակառակորդին`  ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի հայրենակցին:

Մեր ըմբիշի համար նման վերջաբանը պարզապես  դրամա էր:  Այսպիսի խայտառակ մրցավարությունից հետո դժվար է ասել, թե ինչպես կշարունակվի  մարզիկի կարիերան: Գոտեմարտից հետո Միհրանը նշեց, որ այդ ամենն իր համար աղբ է, նրան արդեն չի հետաքրքրում նույնիսկ սպորտը և ուզում է հեռանալ սպորտից: Հուսանք, որ այս ամենը մեր մարզիկն ասել է պարզապես էմոցիաների ազդեցության տակ:

Միհրանի աչքերից հոսած արցունքները անարդարության դեմ անկարող լինելու արցունքներ էին:   Անարդարություն, որը զրկեց մեր մարզիկին օլիմպիական չեմպիոնի տիտղոսից, որը զրկեց Հայաստանին հնարավորությունից անկախ պատմության մեջ ունենալու օլիմպիական 3 չեմպիոն: Չնայած քեզ բաժին հասած արծաթե մեդալին` դու չեմպիոն ես մեզ համար, Միհրա\'ն:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ