Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքից հեռացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր 101-ամյա Աննա Բարսամյանը:
Նա համարվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին ուսանողը, ով ավարտել է երաժշտագիտական բաժինը։ Սիրելի պրոֆեսորը իր ողջ կյանքում դասավանդել է` նախ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում և Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, ապա Լենինականի երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ` 1950 թ. մարտի 8-ից աշխատել է Երևանի կոնսերվատորիայում` մինչև 2003թ.: Այնուհետև նա եղել է պրոֆեսոր-խորհրդական` մինչև 98 տարեկանը և առ այսօր հրատարակվում է նրա ծավալուն հոդվածը երաժշտության պատմության ամբիոնի անցած գործունեության վերաբերյալ։
Նա ԵՊԿ-ում դասավանդել է ռուս, արտասահմանյան երաժշտության պատմություն, ինչպես նաև «Երաժշտագիտություն» մասնագիտական դասընթացներ: Նրա ղեկավարությամբ ավարտել է 51 երաժշտագետ: Իսկ 1974-1977 թթ. զինվորական բարձրագույն կուսակցական դպրոցում դասավանդել է երաժշտության պատմություն, 1977-1992 թթ.` ԵՊԿ-ում բարձրագույն երաժշտական հաստատությունների դասատուների որակավորման բարձրացման ֆակուլտետում հանդես է եկել որպես դասախոս եւ երաժշտագետ ունկնդիրների գիտա-մեթոդական աշխատանքների ղեկավար:
Բարսամյանը հեղինակել է գիտական աշխատություններ, հոդվածներ, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, ամսագրերում, ՀՀ հանրագիտարանում, ռուսական «Հիշարժան տարեթվերի եւ իրադարձությունների տարեգրքերում»:
Լուսավոր ազնվագույն պրոֆեսորի ծննդյան 100-ամյակը նշվեց և ԵՊԿ պրոֆեսորադասախոսական կազմի, ռեկտորատի, ամբիոնի, «ԵՊԿ հրատարակչության» և Հայաստանի Կոմպոզիտորների միության կողմից։
Իր հարցազրույցներից մեկում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն, անդրադառնալով վաստակաշատ երաժշտագետին, նշել էր.«Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի համար պատիվ է լինել հարյուրամյա մտավորականի ժամանակակիցը. բուհի բազմաթիվ աշխատակիցներ, դասախոսներ եւ ուսանողներ անսահման սիրով ու ջերմությամբ են լցված երկարամյա մանկավարժի, արվեստագիտության թեկնածուի, պրոֆեսորի անձի նկատմամբ: Նրա աշխատությունները մնայուն արժեքներ են, որոնք երաժշտագետների եւ նոր սերնդի համար մասնագիտական կարեւոր աղբյուր են հանդիսանում, սակայն ամենանվիրականը այն մեծ հեղինակությունը, հարգանքն ու վստահությունն են, որ Աննա Ալեքսանդրովնան անվերապահորեն վայելում է ոչ միայն մեզանում, այլեւ արտերկրում ստեղծագործող իր նախկին ուսանողների շրջանում, որոնք բարձր մասնագիտական արժանիքներով վկայում են եւ ուրախություն պատճառում իրենց ուսուցչին»:
***
Սիրված երաժշտագետ-պրոֆեսորի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը` 19.00, Դեմիրճյան 27 բն. 24,հասցեում: Իսկ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Հայաստանի Կոմպոզիտորների Միությունում (հասցե` Դեմիրճյան 25) օգոստոսի 13-ին, ժամը` 12.00-ին, հուղարկավորությունը` օգոստոսի 13-ին, ժամը` 14.00-ին` նույն վայրից:
«ԵՊԿ հրատարակչության» տնօրեն, երաժշտագետ Գոհար Շագոյան