կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-15 22:17
Առանց Կատեգորիա

Հայաստանի դեմ բացվում է երրորդ ճակատը

Հայաստանի դեմ բացվում է երրորդ ճակատը

Ռուս-թուրքական հաշտեցման գործընթացը սկսում է զարգանալ Հայաստանի համար ամենահոռետեսական սցենարով: Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր Թուրքիայի ազդեցությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը վրա, հայտարարել էր. «Ցանկացած կառուցողական աջակցություն կօժանդակի ԼՂ հակամարտության կարգավորմանը»:

Այս տարվա ապրիլի 22-ին Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական գործողությունները քաջալերող պաշտոնական Անկարայի հայտարարություններին, Երևանում ասել էր. «Թուրքիայի ղեկավարների շուրթերից հնչող տեսակետներն անընդունելի են, քանի որ դրանք պատերազմի կոչեր էին, դրանք կոչեր էին լուծել հակամարտությունը ռազմական եղանակներով: Դա դեմ է միջազգային հանրությանը ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց մենք սովոր ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նման հայտարարություններին»: Փաստորեն այն Թուրքիայից, որն ընդամենը երեք ամիս առաջ մեղադրվում էր ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ հրահրելու, կարգավորման խաղաղ գործընթացը տապալելու մեջ, այսօր պաշտոնական Մոսկվան կառուցողական աջակցություն է ակնկալում:

Սակայն ուշագրավը ոչ այնքան ռուսական քաղաքականության այս թեթևսոլիկ փոփոխականությունն է, այլ իրողությունը, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ Մոսկվան և Անկարան կոնսուլտացիաներն սկսել են՝ գործնականում Թուրքիայի կողմից ՌԴ-ի հետ հաշտեցմանն ուղղված քայլի ձեռնարկումից անմիջապես հետո և, թերևս՝ Հայաստանից թաքուն: Զախարովայի հայտարարությունից տրամաբանորեն հետևում է, որ Անկարայի հետ ձեռք են բերվել կարգավորման հետ կապված որոշակի պայմանավորվածություններ: Դրա համար թերևս առիթ է հանդիսացել հուլիսի 1-ին Սոչիում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների ԱԳ նախարարների գագաթաժողովը, որի շրջանակներում հանդիպում էր կայացել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի միջև: Չի բացառվում, որ նաև այդ հանդիպման արդյունքներով է պայմանավորված եղել դրանից մեկ շաբաթ անց Լավրովի երկօրյա այցը Բաքու, որտեղ նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, թե ԼՂ կարգավորումը մոտ է առավել,  քան երբևէ, և մնում է համաձանեցնել մանրամասները:

Այն, որ Անկարան և Մոսկվան ունեցել են այդ հարցի հետ կապված բանակցություններ, անուղղակիորեն հաստատել է նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն:  Այսօր խոսելով ԼՂ կարգավորման գործընթացի մասին՝ նա ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի այդ խնդրի լուծմանը: «Ես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եմ ասել, որ հետագա գործընթացներում Թուրքիան կաջակցի նման նախաձեռնություններին: Թուրքիան եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կժամանեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց հետ եւ կշարունակենք աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը: Քանի որ արդեն հարթվել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք կշարունակենք քննարկել այդ հարցը նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով», - ասել է Չավուշօղլուն: Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ստեղծել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևաչափ:

Չավուշօղլուի այս հայտարարությունն իրավամբ կարելի է սենսացիոն կամ շրջադարձային համարել: Բանն այն է, որ նա անուղղակիորեն հաստատում է, որ Ռուսաստանն իրեն տվել է ԼՂ հիմնահարցում ակտիվորեն ներգրավվելու «քարտ բլանշ», որից Անկարան օգտվելու է ամբողջ ծավալով: Ընդ որում՝ Անկարան չի թաքցնում, որ կարգավորման գործըթնացում ներգրավվում է բացառապես Ադրբեջանի շահերն սպասարկելու, գործընթացը Ադրբեջանին ձեռնտու հունով զարգացնելու նպատակով:

Անկարան փաստացի արդեն իսկ սկսել է իր այդ «միջնորդությունը»: Դրա վկայությունն է երկուշաբթի օրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Անկարա մեկնելու և Թուրքիայի ղեկավարության հետ ԼՂ հարցով խորհդրակցություններ անցկացնելու մասին Չավուշօղլուի արած բացահայտումը: Հետաքրքրական է, որ այդ այցի մասին իրենք՝ համանախագահները խուսափել են հայտնել՝ չնայած նրան, որ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սիրում է նմանատիպ այցերից օրեր առաջ դրա մասին ոգևորված գրառումներ կատարել իր թվիթերյան էջին: Ինչո՞ւ է մինչև վերջին պահը գաղտնի պահվել այդ այցը, կամ ումի՞ց է գաղտնի պահվել. Հայաստանի հասարակությունի՞ց:

Թուրքիան, իհարկե, ՄԽ անդամ երկիր է: Համանախագահների՝ Անկարա մեկնելը գուցե տրամաբանական լիներ, եթե ընդամենը 4 օր առաջ նրանք Վիեննայում հանդիպած չլինեին ՄԽ անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ հենց ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումների արդյունքներին և հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված հետագա քայլերին նրանց ծանոթացնելու նպատակով: Եթե դրանից հետո նրանք, այնուամենայնիվ, մեկնում են Անկարա, նշանակում է՝ ոչ թե զուտ Անկարայի տեղեկատվական քաղցը հագեցնելու նպատակ ունեն, այլ նրա հետ այնպիսի խնդիրներ քննարկելու, որոնք վերաբերում են ԼՂ հիմնահարցի կարգավորմանն Անկարայի «աջակցության» առաջարկներին, որոնք, ըստ ամենայնի, մշակվել են հենց Լավրով-Չավուշօղլու հանդիպման հետքերով:

Չի բացառվում, որ այդ առաջարկների էությունը կայանում է Հայաստանի կողմից ԼՂ հարցում  տարածքային զիջումների դիմաց թուրքական սահմանները բացելուն և այդ հեռանկարը ԼՂ կարգավորման բանակցություններում կրկին ներառելուն: Այսինքն՝ չի բացառվում, որ Մոսկվան խնդիր է դրել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը միացնել ԼՂ հիմնահարցի լուծմանը, ինչին Անկարան տվել է իր համաձայնությունը և հիմա առաջացել է դրա հետ կապված դետալները ՄԽ համանախագահների հետ քննարկելու անհրաժեշտություն: Անկարան բազմից է հայտարարել, որ պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե վերջինս լիովին կամ մասնակիորեն բավարարի տարածքները հանձնելու Ադրբեջանի ցանկությունը: Այս մոտեցումը, ի դեպ, Երևանը համառորեն մերժում է առնվազն վերջին 15 տարվա ընթացքում: 

Բայց անկախ այս ամենից՝ Թուրքիայի նման ակտիվացումը, նրանց  «կառուցողական աջակցության» մասին Զախարովայի բազմիմաստ հայտարարությունները Երևանի պաշտոնական մեկնաբանության կարիքն են առաջացնում: Երևանն առայժմ լռում է: Մինչդեռ հարց է առաջանում՝ որքանո՞վ է պաշտոնական Երևանը տեղյակ իր շուրջը տեղի ունեցող այս առավել քան ուշագրավ և տարօրինակ կուլիսային զարգացումներից և ինչպիսի՞ն է նրա դիրքորոշումը: Եթե Ռուսաստանը նման քարտ-բլանշ է տալիս Թուրքիային, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Անկարա են մեկնում ինչ-որ բաներ քննարկելու համար, արժե՞ ընդհանրապես մտածել Փարիզում որևէ նոր բանակցության մասնակցելու մասին:

Ի վերջո, Երևանը մեկ անգամ չի հայտարարել, որ Թուրքիայի ցանկացած միջամտություն այս գործընթացին պետք է բացառվի: Հիմա Երևանը մնո՞ւմ է իր այդ դիրքորոշմանը, թե՞ ինչ-որ բան փոխվել է: Վերակենդանանում է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունին, որի աքցաններում Հայաստանը պատանդի կարգավիճակում է: Սա այլ բան չէ, քան երրորդ ճակատի բացում Հայաստանի դեմ:

Գևորգ Դարբինյան