Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յարգելի ընթերցող, հանրայայտ փաստ է ու գրեթէ ամէն օր տեսա-լսողական լրատւութեամբ ապացուցւում է, որ Ռուսաստանի անմիջական հարեւան Ուկրայինան, անշուշտ իր աշխարհագրա-քաղաքական առանձնայատկութիւնները ի նկատի ունենալով՝ արդէն վերածւել ու նմանւել է Միջին արեւելեան Սիրիային (ամենուր քարուքանդ քաղաքներ եւ ժողովրդի զանգւածային գաղթ՝ դէպի հարեւան ու հեռաւոր ապահո՜վ երկրներ...)։
Փաստ է նաեւ, որ Ուկրայինան այդ օրի է հասել, ասենք, ժամանակից շուտ գայթակղւելու Անգլոսաքսոնական, արեւմտա-եւրոպական ու ՆԱՏՕ-ական օրիենտացիային շուտափոյթ ինտեգրւելու, կարելի է ասել՝ խաբկանքով...
Վերոնշեալ համաշխարհային ուժային կենտրոնների հակառուսական միջինարեւելեան (Սիրիա) ճակատն (անշուշտ, ԴԱԷՇ-ական գործիքակազմի տեսքով), այնուհետեւ ըստ աշխարհաքաղաքական նորացւող սահմանագծման սցենարի, ընդարձակւեց դէպի ռուսաստանամերձ Ուկրայինայի ճակատ այսպէս ասած՝ պուտինեան կայսրութիւնը ծունկի բերելու եւ աստիճանաբար փլուզելու հեռանկարով:
Աղաղակող փաստ է նաեւ այն, որ հակառուսական համախումբ ռազմաքաղաքական ճամբարը միլիարդաւոր դոլարների զէնք ու զինամթերքով քաջալերում-հովանաւորում են զելենսկիական խրտւիլակի վերածւած Ուկրայինային, ապագայի հաշւին վարդագոյն հեռանկարներ ուրւագծելով նրանց առջեւ, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ Ուկրայինան ու ուկրայինացին նշեալ ճամբարի համար հերթական զոհասեղանի կարգավիճակից բացի, ուրիշ, այն էլ մարդկային ու բարոյական, արժէք ու նշանակութիւն չունեն։ Այլապէս՝ ինչ արժէք ունեն Վաշինգտոնեան Սպիտակ տանը, Եւրոպական մայրաքաղաքներում Զելենեսկիներ դիմաւորելն ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներում ուկրայնական հարցը առաջնային համաշխարհային օրակարգ դարձնելը...։
Իսկ 3-րդ փաստը, յարգելի ընթերցող, դա վերջին ժամանակաշրջանում, ուկրայնականին զուգահեռ Ռուսաստանի դէմ այսպէս ասած՝ մի նոր ճակատի բացումն է՝ ոչ-աւել, ոչ-պակաս Հարաւային Կովկասում, որտեղ ակնյայտօրէն քաւութեան նոխազ է դիտարկւում առանց այն էլ խոցւած-թուլացած Հայաստանը։ Չէ՞, որ այդտեղ ռուսական յատկապէս ռազմական ներկայութիւնն անհամեմատ աւելի ակնբախ է քան, ասենք, Վրաստանում եւ Ադրբեջանում։
Ովքե՞ր են, սակայն, այս շրջանում ու մասնաւորապէս Հայաստանում թէժացող հակառուսական ճակատի յարդարողները։ Պարզ է՝ վերոնշեալ միեւնոյն ճամբարը՝ իր շրջանային արբանեակ դերակատարների՝ արդէն լկտիութեան չափ ու սահմանն անցած հայատեաց Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղարկութեամբ:
Այս վերջիններն իրենց յատուկ լարախաղացութեամբ թէ՛ Ուկրայինայի հետ են սիրաբանւում՝ Բայրաքթարների տրամադրումով ու այլ կարգի նիւթատեխնիկական օժանդակութիւններով, եւ թէ՛ թուրքաբարոյ քծնանքի ցուցաբերմամբ՝ ռուսներին մի տեղ սիրաշահում, մի այլ տեղ՝ թիկունքից հարւածում են (հէնց երէկ Թուրքիան յայտարարեց, որ ինքն էլ է միանում հակառուսական սանկցիաների կիրառմանը):
Կովկասեան ճակատի ձեւաւորման ճամբում, սակայն, խոչընդոտը, Արցախեան հիմնահարցն էր, որն էլ հիմնապատճառ էր հանդիսանում ռուսական պատմա-քաղաքական անկասելի ներկայութեան...
Ամփոփիչ փաստը՝ յարգելի ընթերցող, դա շուրջ հնգամեայ վաղեմութեան վերիվայրումներն են՝ ի Հայաստան, Արցախ եւ Սփիւռս աշխարհի, որոնք դարձան հայկական զոհասեղան՝ սկսեալ 2018-ի թաւշեայ կոչւող յեղափոխութեամբ, ընդհուպ 2020-ի դաւադրական ու ծրագրաւորւած պատերազմը եւ թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու եւ հազար ու մի մանրուք-մանիպուլիցիաներ Փաշինեանական իշխանախմբի ամենօրեայ մատուցւող հեքիաթները։
Մէկ այլ փաստ էլ արձանագրենք.-
... Ի դէպ՝ վերջերս Փաշինեանի հետ իր հանդիպմանը Հայերիս ու Հայաստանի աւանդական չափանիշերով բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը յայտարարել է թէ՝ Հայաստանը Հարաւ. Կովկասում Ռուսաստանի ազդեցութիւնն թուլացնելու լաւագոյն «ֆորպոստն» (յենակէտ) է կարող հանդիսանալ...
Դրան զուգակցենք միաժամանակ Հայաստանի վարչապետի բազմիցս բարձրաձայնւող՝ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի իբր բացասական դերակատարումների ու նոյնինքն ՀՀ-ի համար սպառնալիք լինելու մասին յայտարարութիւնները...:
Ահաւասիկ նման պայմաններում էլ բացառւած չեն լինելու, եթէ ոչ ուկրայնական մասշտաբներով, բայցեւ՝ պատկառելի գումարների «օգնութիւն-աջակցութիւններ» ի խոստում-շռայլանքներով՝ Հարաւ. Կովկասում ու Հայաստանում եւս գործարկւի համապատասխան հերթական սիրիականացում, ապա՝ ռուսական ճամբարը ՆԱՏՕ-ական (ասել է թէ՝ թուրքական) ճամբարով փոխարինելու չարաբաստիկ եւ մինչեւ իսկ տեսանելի ապագայում հայկական պետականութեան կործանմանը տանող իրական վտանգները...։
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեան