կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-12 15:08
Հասարակություն

Մեր գյուղ հյուր գա, չենք կարողանա մի ճութ խաղող հյուրասիրել. գյուղապետ

Մեր գյուղ հյուր գա, չենք կարողանա մի ճութ խաղող հյուրասիրել. գյուղապետ

Հուլիսի  10-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքով լուրջ վնասներ են կրել հատկապես Արագածոտնի և Արմավիրի մարզերը:

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում հիմնական մշակաբույսը խաղողն է, որը գրեթե 100 տոկոսով վնասվել է: «40 տարեկան եմ, առաջին անգամ եմ այս գյուղում նման կարկուտ տեսնում: Առաջ անգամ չեմ էլ մտածել, որ  հակակարկտային կայանքների անհրաժեշտությունը մի օր կլինի,  որովհետև ինձանից մեծերն էլ էս տեսակի կարկուտ չեն տեսել: Շատ ուժեղ քամի էր, իսկ կարկուտի հատիկները պոպոքից մեծ էին»,- պատմեց գյուղապետը:

Նրա խոսքով` խաղողի վազերը գրեթե 100 տոկոսով վնասվել են: «Հնարավոր է`  մի ճյուղի վրա մի քանի հատիկ խաղող մնացած լինի, կեսը փչացած լինի, մյուս կեսը` ոչ: Մեր գյուղ հյուր գա, չենք կարողանա մի ճութ խաղող հյուրասիրել»,- ասաց Մարգարյանը:

Նա նշեց նաև, որ, բարեբախտաբար, ցանքատարածությունները  չեն վնասվել, քանի որ ցորենի ու գարու բերքն իրենց գյուղում հավաքել են մինչև կարկուտի տեղալը:

«Կոտրվել են նաև  մի քանի գյուղացիների տների ապակիները, բայց դրանք արագ վերականգնվող հարցեր են, դժվարը մնացածն է»,- ասաց գյուղապետը:

Ի դեպ, Մարգարյանը նշեց, որ երկու տարի առաջ իրենց գյուղում ցրտահարություն էր եղել, որից հետո պետությունը գյուղացիներից հողի հարկ չգանձեց և մի շարք զիջումների գնաց: «Հիմա գյուղացիներն էլ են հասկանում` Աստծո, կլիմայի դեմ որևէ բան չեն կարող անել: Այս պահին աշխատանքներ են ընթանում, մարզպետն էլ անձամբ է եկել գյուղ: Կարկուտի օրը` առավոտյան ժամը յոթից, հանձնաժողով է եղել: Հիմա մենք ցուցակների կազմման վրա ենք աշխատում. մարզպետը անվանական ցուցակներ է պահանջել, հողի կոնկրետ չափն ենք գրելու, ինչքան պտուղ է վնասվել և այլն»,- ասաց Սասունիկի գյուղապետը: