կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 15:01
Հասարակություն

Սա միայն նախազգուշական ակցիա էր

Սա միայն նախազգուշական ակցիա էր

Քիչ առաջ ավարտվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման բողոքի ակցիան: Այսօր շարժման ակտիվիստները «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի առջև պահանջում էին արգելել հիմնադրամի գործունեությունը:

Նախօրեին հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ: Մալյանն էլ, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով ոստիկանության ծանուցումը, գրել էր. «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ և արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»:

Առավոտյան, երբ նա փորձեց մոտենալ հիմնադրամի գրասենյակին, ոստիկանները, հրելով, քաշքշելով, փակեցին ճանապարհը։ «Թողած դատարանները, Ազգային ժողովը, եկել, պահում եք Սորոսի գրասենյակը: Ձեզ համար եմ ես հիմա եկել էստեղ: Յուբկով տղերքը եկել, մտել են ոստիկանության բաժին ու ծեծի են ձեզ ենթարկել: Ձեր պատիվն եմ եկել`պահում»,- հայտարարեց Մալյանը` հավելելով, որ հենց հիմա նստելու է գրասենյակի դիմաց և խաթարելու է գրասենյակի բնականոն աշխատանքը:

«Սորոսի հիմնադրամը մեր երկրի քաղցկեղային ուռուցքն է: Մեր իշխանությունը, մեր կառավարությունը կազմավորվել և կառավարվում է այստեղ, Սորոսի հիմանդրամն ունի իր «ջեբի» նախարարները, իր «ջեբի» պատգամավորները, իր «ջեբի» փոխնախարարները: Սորոսի հիմնադրամի գրպանում է գտնվում վարչապետը, որն ունի երկու հնարավորություն՝ կա'մ ազատվել Սորոսից, կա'մ ամբողջությամբ կրել Սորոսի վտանգների պատասխանատվությունը: Պատասխանատվությունից խուսափել չի հաջողվում»,- հայտարարեց Մալյանը:

Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց իր պահանջը. «Պետք է օրենք մշակվի օտարերկրյա գործակալության ցանցի մասին: Այս օրենքի մշակման համար դիմել ենք ԱԺ խմբակցություններին: «Իմ քայլը» դեռ չի արձագանքել, «Լուսավոր Հայաստան»-ը ասել է, որ գրավոր կպատասխանի, իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոստացել է հանդիպել և քննարկել այս հարցը:

Դադարեցնելով այսօրվա բողոքի ակցիան՝ ակտիվիստները հայտարարեցին, որ այն շարունակական է լինելու, և սա միայն նախազգուշական ակցիա էր: