կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-10 17:08
Քաղաքական

Քաղաքական շուլերների մասին

Քաղաքական շուլերների մասին

Մարդ-կուսակցությունների, դրանց դերի, պահանջի, ընդդիմադիր դաշտում գործունեության և այլ հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ:

Ըստ Սաֆարյանի` այսօր երբեմն մարդ-կուսակցություններ, երբեմն խումբ-կուսակցություններ ստեղծվում են խորհրդարանական ընտրություններին որևէ ցուցակով մասնակցելու նպատակով, և դա չի կարող կապ ունենալ հասարակական պահանջի հետ:

Քաղաքագետի կարծիքով` քաղաքական ուժերի հանրային վստահության աստիճանը ցածր է, և դաշտում գործող կուսակցություններն առաջին հերթին խնդիր ունեն իրենց կուսակցություններում ներգրավել մարդկանց, կուսակցություններ, որոնք ինչ-որ չափով հանրության աջակցությունը կբերեն իրենց: Դա որոշակի սակարկության դաշտ է բացում: Ըստ Սաֆարյանի` կուսակցությունների զգալի մասը պարզապես ուժերի ցուցադրություն է կազմակերպում. ցույց են տալիս, թե կարող են մեծ համագումար անել կամ մարդ հավաքել, դա իրենց գինը ֆիքսելու համար է:

Սաֆարյանը չբացառեց նոր ուժեր ունենալու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, հին ուժերը, ըստ էության, դադարել են քաղաքական դաշտում իրենց ֆունկցիաները պատշաճ կերպով կատարել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ստեղծված կուսակցությունները կարծես ընդդիմադիր դաշտում են փորձում գործել, Սաֆարյանն ասաց. «Ընդամենը դիրքավորվել և ասել, թե ընդդիմադիր ենք Սերժ Սարգսյանին, կներեք, ընդդիմադիր լինել չէ: Ընդդիմադիրը նաև օպոնենտությունն է, ընդդիմախոսությունը, իսկ ընդդիմախոսություն ասելով` իրականում պետք է հասկանալ արտաքինից մինչև ներքին քաղաքականության խնդիրներ: Նորաստեղծ ընդդիմադիր ուժերը, բացի իրենց պլատֆորմը հրապարակելուց, որևէ այլընտրանքային զարգացման մոդել չեն առաջարկում Հայաստանի համար»:

Դիտարկմանը, թե շատ են մարդիկ, ովքեր անընդհատ փոխում են տարբեր կուսակցություններ, Սաֆարյանն արձագանքեց. «Մենք հավասարապես ունենք երկու սերունդն էլ` մարդիկ, ովքեր հիասթափվում են ինչ-որ կուսակցության վարած քաղաքականությունից և դուրս են գալիս, բայց, քանի որ քաղաքականապես ակտիվ են, փորձում են իրենց տեղը գտնել: Մարդիկ, ովքեր քաղաքական շուլերներ են, և ընտրությունների նախաշեմին նկատում ենք, որ այդ տեսակը կարող է փոխել իր դիրքորոշումը` հանրային էմոցիաները գողանալու, խորհրդարան մտնելու համար»:

Սնկի պես աճող կուսակցությունները, ըստ Սաֆարյանի, հաճախ շատ քիչ կապ ունեն հանրային շահը սպասարկելու հետ, դրանք սպասարկում են անձնական կամ որոշ խմբերի ու խաղացողների շահեր: