կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 17:17
Քաղաքական

Ցավում ենք, որ այս փուլում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսը չկայացավ. Դավիթ Հարությունյան

Ցավում ենք, որ այս փուլում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսը չկայացավ. Դավիթ Հարությունյան

Եթե ընտրական ցուցակները էլեկտրոնային են, եւ մարդը քվեարկության համար պետք է իր փաստաթուղթը ներմուծի սարքավորման մեջ, փաստաթուղթն ավտոմատ պետք է կարդա համարը եւ համադրի ցուցակում առկա համարի հետ, պարզի՝ այդ մարդը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ, արդեն բավարար երաշխիք է, որպեսզի ընտրությունների որակը բարձրանա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ընտրական օրենսգրքի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն ու առաջարկությունների հիմնական մասը տեղ են գտել ԸՕ նախագծում։ «Հիմնական մասը տեղ է գտել, կան առաջարկություններ, որոնց մենք չենք համաձայնել, օրինակ` մեր ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ վերահաշվարկը չի կարող 4 ժամից ավելի տեւել, իսկ հանձնաժողովը առաջարկում է՝ այդ ժամակահատվածը երկարաձգել»,- հայտնեց նախարարը:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսին, ասաց, որ այդ հարցն իսպառ չի փակվել, անգամ հունիսի 1-ից հետո կարող են կոնսենսուսի գալ եւ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում:

Հարցին՝ հնարավո՞ր է կոնսենսուս լինի քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակման կամ ուռճացված ցուցակները մաքրելու առաջարկությունները ընդունելու դեպքում, Հարությունյանը պատասխանեց. «Ցուցակները հրապարակելը՝ ոչ, որովհետեւ մենք համարում ենք՝ պահանջները չպիտի լինեն արհեստական։ Իսկ մյուսը` մենք չենք համարում, որ ցուցակները մաքրելը շատ արդյունավետ գործիք է, բայց ասում ենք՝ եթե կամենում եք, խնդրեմ, կգնանք դրան, բայց բյուջետային ծախսեր չենք անելու, որովհետեւ համարում ենք անարդյունավետ ծախս։ Տեսախցիկները մենք համարում ենք շատ կարեւոր, բազմաթիվ հնարավոր խախտումները կանխող գործիք, բայց դա չենք համարում արդյունավետ։ Ասում ենք՝ եթե որեւէ դոնոր կազմակերպություն գումար տա, մենք չեն մասնակցի, բայց հիմա ասում ենք՝ եթե կոնսենսուսը հնարավոր է, պատրաստ ենք դա էլ զիջել ու մենք էլ կտրամադրենք որոշակի մարդկային ռեսուրս` այդ աշխատանքին աջակցելու համար»:

Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ իշխանությունները ԸՕ փաստաթուղթն առաջ են տանում առանց կոնսենսուսի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կոնսենսուսը ինքնանպատակ լինել չի կարող, և որ իշխանությունները իրականում ցանկանում էին կոնսենսուսով փաստաթուղթ: «Ցավում ենք, որ կոնսենսուսը չկայացավ: Դեռևս չենք բացառում, որ մի պահ մեզ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք և ոչինչ չանենք»,- ասաց նախարարը:

Իսկ արդյո՞ք միջազգային կառույցները չեն քննադատի Հայաստանի իշխանություններին՝ կոնսենսուսի չհասնելու համար: Դավիթ Հարությունյանն այդ հարցին պատասխանեց. «Թող քննադատեն, ես միշտ պատրաստ եմ լսել քննադատություններ»: