կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 13:00
Քաղաքական

Ռուսաստանը նպաստում է, որ Հայաստանի ռազմական պոտենցիալը կայանա. Խոսրով Հարությունյան

Ռուսաստանը նպաստում է, որ Հայաստանի ռազմական պոտենցիալը կայանա. Խոսրով Հարությունյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը:

Ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա համոզմամբ՝ այս համաձայնագիրը Հայաստանի օդային տարածքն ավելի անվտանգ դարձնելու հավելյալ հնարավորություն է:

Պատգամավորը հարց էր ուղղել պաշտպանության փոխնախարարին` Հայաստանը կարո՞ղ է կիրառել կործանիչ ավիացիան, ւ ստացել էր պատասխան` այո, հետևաբար, ըստ նրա, ի՞նչն է խանգարում Հայաստանին` ավելի լավ անվտանգային հնարավորություններ ունենալ:

Ըստ Խոսրով Հարությունյանի` որոշ պատգամավորներ փորձում են ծայրահեղացնել թեման՝ վերջերս ինչ-ինչ պատճառներով պայմանավորված` հայ-ռուսական անհարթ տրամադրությունների ֆոնին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, Խոսրով Հարությունյանի կարծիքով, մեծ քաղաքականությունը խարսխված է իրողության ու հնարավորության վրա, իսկ իրողությունն այն է, որ Հայաստանը պատմական օբյեկտիվ իրողությունների արդյունքում հայտնվել է աշխարհաքաղաքական շատ բարդ վիճակում և դրան դիմակայելու համար պետք է ավելացնի իր անվտանգային հնարավորությունները: Հայաստանի ամենաբնական դաշնակիցը Ռուսաստանն է, ինչպես Ռոսաստանի ամենաբնական դաշնակիցը Հայաստանն է, որովհետև այս երկու պետությունների շահերը երկարաժամկետ կտրվածքով համընկնում են:

Խոսրով Հարությունյանը համաձայնում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը շարունակում է մտահոգիչ մնալ. դրա մասին ՀՀ նախագահը բարձրաձայնում է, և դաշնակից պետությունների միջև երբեմն նման հակասություններ կարող են լինել, բայց կյանքը դրանով չի ավարտվում, և Ռուսաստանը նպաստում է, որ Հայաստանի ռազմական պոտենցիալը կայանա:

Պատգամավորի խոսքով՝ թեև Հայաստանը չի խանդում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, բայց այդ հարաբերությունները չպետք է վնաս հասցնեն Հայաստանի անվտանգությանը: Նա համոզված է, որ ՀՕՊ համաձայնագիրը միանշանակ պետք է վավերացվի: