կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 18:48
Հասարակություն

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչները` ԱԳՆ-ում

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչները` ԱԳՆ-ում

Մայիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ովքեր Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։

Նախարար Նալբանդյանը Հայ Դատի հանձնախմբերի անդամներին հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը, պատասխանեց Հայ Դատի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասաց. «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։

Անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Հայրենիքի տնտեսական զարգացման աջակցության, համահայկական օրակարգի այլ հարցերի։

Խորհրդակցությանը քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական գործունեության շուրջ։ Անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում իրավիճակի, սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, հրատապ միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրներին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ձևաչափով հանդիպումներին պարբերականություն հաղորդելու մասին։