կարևոր
3067 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-17 15:27
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունիսի 1-հուլիսի 15, 2023թ)

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հունիսի 1-հուլիսի 15, 2023թ)

Անցնող մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ահաբեկչական քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հոմանիտար և անվտանգային իրավիճակով։ Աշխատանքներ են շարունակվել Արցախի հանդեպ միջազգային զորակցության ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման և այլ ուղղություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ հիսուն նահանգներից Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, նահանգային և տեղական ներկայացուցիչները հունիսի 4-ին Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարան-թանգարանում անցկացրել են Հայ դատի քաղաքական և կազմակերպական աշխատանքներին նվիրված սեմինար-քննարկում։

Սեմինարի օրակարգը ներառել է քաղաքական խորը քննարկումներ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեության բոլոր ուղղությունների և ոլորտների վերաբերյալ՝ սկսած համայնքային քաղաքական ներգրավվածությունից մինչև հաղորդակցություն և մեդիա, ընտրականից մինչև օրենսդրական գործընթացներ։

Սեմինարին մասնակցել են նաև ոլորտային հայտնի փորձագետներ, որոնք քննարկել են ԱՄՆ արտաքին քաղաքականության առանձնահատկությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների սպասարկման ուղղությամբ առաջիկա մարտավարական քայլերը։ Մասնավորապես՝

– ԱՄՆ-ի շարունակական ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը,
– ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի և անվտանգային աջակցության դադարեցում,
– Արցախին ԱՄՆ-ի անհապաղ մարդասիրական օգնության տրամադրում,
– Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկում,
– Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված և խոշտանգված հայ ռազմագերիների ազատ արձակում,
– Հայաստանի անվտանգությունը որպես հայ-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների թիվ մեկ առաջնահերթության սահմանում,
– Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչում։

Տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ Կոնգրեսում սկսվել են Արցախի օժանդակությանը նվիրված օրենսդրական գործընթացներ։ Մասնավորապես՝ հունիսի 9-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ալեքս Պադիլան և Մարկո Ռուբիոն ներկայացրել են Արցախի ապաշրջափակմանն ուղղված բանաձևի նախագիծ, որը միաժամանակ ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վերականգնել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջները, ինչը բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը։ Բանաձևի նախագծով պահանջվում է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և միջազգային դիտորդների տեղակայում Արցախում և Լաչինի միջիանցքում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին հունիսի սկզբին նախաձեռնել էր կոնգրեսական գրություն՝ ուղղված նախագահ Բայդենի վարչակազմին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և առավել կոշտ դիրքերից հանդես գալ Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականության դեմ։ Հունիսի 21-ի դրությամբ Բարբարա Լիի առաջնորդած գրությանն են միացել Կոնգրեսի 54 անդամներ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված գրությամբ կոնգրեսականներն ԱՄՆ վարչակազմից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ կիրառել ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) պահանջները և ըստ այդմ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։ Կոնգրեսականներն անդրադարձել են նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերի կողմից իրաականացված մարդկության նկատմամբ հանցագործություններին ու դրանց անպատժելի մնալու անթույյլատրելիությանը։ Կոնգրեսականները նաև քննադատել են պետդեպարտամենտին՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների գնահատման հարցում զսպվածության հարցում։ Նրանք վկայակոչել են նաև ԱՄՆ կառավարության հաշվետվության գրասենյակի (GAO) զեկույցը, որը հրապարակվել է 2022 թվականին և արձանագրել, որ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի իրազեկել Բաքվին հատկացվող ավելի քան 164 միլիոն դոլարի օժանդակության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա ազդեցության մասին:

Նույն օրը՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսում կայացել է նաև «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագիրը կրող հանրային լսում՝ կազմակերպված Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահների կողմից։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ֆրենք Փալոնը հանդես են եկել ներածական ելույթներով, իսկ Ադամ Շիֆը հղել է գրավոր ուղերձ։ Արցախում ստեղծված իրավիճակի նկարագրական ելույթներով են հանդես եկել Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, Երևանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը և Կոլումբիայի համալսարանի «Խաղաղության և մարդու իրավունքների» ծրագրի տնօրեն Դեյվիթ Ֆիլիպսը։ Վերջիններս, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև այդ իրավիճակը մեղմելու ամերիկյան կողմի հնարավոր դերակատարության ու գործնական քայլերի վերաբերյալ։
Մինչ այդ, հունիսի 14-ին, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպության և Հնդկա-ամերիկյան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նվիրված քաղաքական ներգրավածության խնդիրներին և հանդես եկել երկու ժողովուրդների ինչպես պատմական, այնպես էլ ներկա համագործակցությանը նվիրված ելույթով։

Արամ Համբարյանը հուլիսի 7-ին անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։ Նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ։ Հայ դատի հանձնախմբի նախագահը նկատել է՝ նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդության։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կրում է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավական պարտավորություններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողությունները հենց ապացույց են այն բանի, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։

Բանաձևում արձանագրված է՝ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Ավելին, բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Եվրոպական Խորհրդարանի հունիս ամսվա լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման և այս առնչությամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ: Նիստի ժամանակ ելույթ ունեցած խորհրդարանականների մեծամասնությունը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ առավել խիստ դիրքորոշման անհրաժեշտությունը և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։
Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության անարդյունավետությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։

Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։

Բրյուսելում հուլիսի 6-ին կայացել է Եվրոպայի մի շարք երկրների հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչների հանդիպում։ Ներկայացված են եղել Եվրամիության այն անդամ-երկրները, որտեղ հայ համայնքն ունի միասնական ներկայացուցչական մարմին, այն է՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան և Ռումինիան։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը։ Հանդիպման գլխավոր նպատակն էր՝ քննարկել Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը և համախմբել, ինչպես նաև զորաշարժի ենթարկել Եվրամիությունում հայկական սփյուռքին՝ ի պաշտպանություն արցախահայության անքակտելի իրավունքների։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։ Նամակի հեղինակները մատնանշել են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 արցախահայեր՝ Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով և կոնկրետ քայլեր առաջարկել ադրբեջանական ագրեսիային վերջ տալու նպատակով։

Կանադա

Հունիսի 7-ին կայացել է Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբի ամենամյա ընդհանուր ժողովը, որի արդյունքում սենատոր Լեո Հուսակուսը և խորհրդարանական Ռախել Թոմասն ընտրվել են որպես խմբի համանախագահներ, իսկ խորհրդարանական Ալեքսանդր Բուլերիսը՝ փոխնախագահ։ Բարեկամության խումբը հունիսի 29-ին՝ Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով Կանադայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրվել Արցախում ստեղծված իրավիճակի վրա։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հուլիսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ կանադական կառավարությունը պատրաստվում է հանել Թուրքիային ռազմական նշանակության արտադրանք վաճառելու էմբարգոն, ինչին հնարավոր էր եղել հասնել ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի տևական աշխատանքի արդյունքում։ Կանադական կառավարությանը փոխանցելով կանադահայ համայնքի վրդովմունքը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել մարդու իրավունքները, միջազգային անվտանգությունն ու արդարությունը վեր դասել քաղաքական կարճաժամկետ հաշվարկներից և վերատեսության ենթարկել որոշումը։

Կիպրոս

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը հունիսի 26-ից հուլիսի 1-ը կազմակերպել էր քաղաքական հանդիպումների շարք, որին մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Կազանչյանը և ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամներ։ Արդյունավետ հանդիպումներ են տեղի ունեցել երկրի պաշտպանության նախարարի, մշակույթի փոխնախարարի, քաղաքական բոլոր կուսակցությունների նախագահների ու ներկայացուցիչների, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, Ստրովոլոսի քաղաքապետի, հոգևոր առաջնորդների, հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի և համայնքային ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքները։ Շեշտվել է Արցախում ճգնաժամը հաղթահարելու և Ադրբեջանի սադրանքները կանխելու ուղղությամբ միջազգային գործուն քայլերի անհրաժեշտությունը։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում հունիսի 26-ին Ավստրալիայի խորհրդարանի պաշտոնական կայքում զետեղվել է Արցախի շրջափակումը դատապարտել պահանջող հանրային խնդրագիր։

Տվյալ ժամանակահատվածում Արցախին պարտադրվող ադրբեջանական շրջափակումը դատապարտել են և ավստրալիական կառավարությունից հստակ դիրքորոշում են պահանջել ֆեդերալ ու տարածքային խորհրդարանների բազմաթիվ անդամներ, մասնավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամներ Հուգ մքդերմթոը և Ջորդան Լանը, ֆեդերալ խորհրդարանական Ջերոմի Լաքսելը, լիբերալ և կանաչների կուսակցությունների արտաքին քաղաքականության պատասխանատուներ սենատոր Սիմոն Բիրմինգհամը և Ջորդոն Սթիլ-Ջոնը։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթնը և փոխնախագահ Ջեսիկա Մորդենը, ինչպես նաև Բարոնուհի Քերոլայն Քոքսը (առցանց) հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոչերթիի հետ։ Հանդիպմանը հեռավար եղանակով մասնակցել է նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսքոֆյանը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերել են Հայաստանի և Արցախի անվտանգային և հումանիտար խնդիրներին: Թիմ Լոթնը նախարարից ակնկալել է Մեծ Բրիտանիայի կառավարության առավել կոշտ դիրքորոշում Լաչինի միջանցքի շրջափակման առիթով։

Լիբանան

Ադրբեջանական տեղակատվական սադրանքներին հակազդելու նպատակով՝ Հայ դատի Լիբանանի մարմինը հունիսի 21-ին լիբանանյան լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել՝ ներկայացնելով դրան նախորդող օրերին ադրբեջանական նախահարձակ գործողությունները։ Նամակով անդրադարձ է կատարվել նաև Արցախի շրջափակմանն ու տեղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Եվրոպական միության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ հուլիսի 3-ին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմնի պատվիրակությունը այցելել է Բեյրությում հավատարմագրված Իսպանիայի դեսպանատուն, որտեղ հանդիպել է փոխդեսպանին և շնորհավորել կարևոր քաղաքական իրադարձության առթիվ։ Հանդիպման ընթացքում հանձնախմբի անդամները հանգամանորեն ներկայացրել են Բերձորի միջանցքի փակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և միջազգային դատական ատյանների՝ շրջափակումը վերացնելու մասին որոշումների ադրբեջանական արհամարհումը։

Հայ դատի հանձնախմբի անդամները նաև շեշտել են հայ-ադրբեջանական ստորագրվելիք փաստաթղթում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը, նշելով, որ հակառակ պարագայում Արցախը կկրկնի Նախիջևանի ճակատագիրը։


ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
17. 07․ 2023 թ․