կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 12:43
Քաղաքական

Սպասել, որ մեր հարցերը կլուծվեն Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Ստրասբուրգում, միատմություն կլինի. Աշոտյան

Սպասել, որ մեր հարցերը կլուծվեն Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Ստրասբուրգում, միատմություն կլինի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ներկա պահին բարոյական չէ պահանջել իշխանությունների հրաժարականը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ներքաղաքական օրակարգի փոփոխությունը ևս ճիշտ չէ, քանի որ դառնում է մանիպուլյացիա: Օգուտ չի տա պետությանը նաև արտաքին քաղաքականության մեջ սև և սպիտակ բաժանարար գծեր քաշելը, «կամ, կամ»-ով վերջնագրեր ներկայացնելը, որոշ ուժերի գեոպոլիտիկ շահերը ներկայացնելը, արտաքին քաղաքականությունից ռեալիթի շոու ակնկալելը:

Լրագրողների հարցին` արդյո՞ք ներկա փուլում ընդունելի է ՀԱՊԿ-ի չեզոք դիրքը Հայաստանի նկատմամբ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ թեև Հայաստանը մինչ այժմ չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն եթե անգամ ՀԱՊԿ-ում չլինենք, այլընտրանքային միության միանալու առաջարկ Հայաստանին դեռ չի արվել:

«Սպասել, որ մեր հարցերը կլուծվեն Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Ստրասբուրգում, միատմություն կլինի, այսինքն` ուժն է ծնում իրավունքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հասարակության պահանջին` կուլակաթափությանը, Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այդ կոչերը նեոբոլշևիզմի են տանում` կանգնեցնելով դասակարգային պայքարի ու հասարակության տրոհման վտանգի առջև:

«Սակայն մեր երկրում պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման պրոցեսը, մեղմացնել սոցիալական բևեռացվածությունը: Պետք է ազգովի ասենք, որ այսպես էլ չենք անելու: Ազգովի ապաշխարհելու էներգետիկա ունենք այսօր, բոլորս պետք է փոխվենք»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը թեև կարծում է, որ իշխանությունների պատասխանատվության բաժինը մեծ է, սակայն ընդդիմությունն էլ իր մեղքի բաժինն ունի: Աշոտյանն օրինակ է բերում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ ընդդիմության պահվածքը:

«Այդքան ընդդիմադիր ուժերը հերիք չէին, մեկն էլ ստեղծվեց` «Համախմբում» անունով, որը ԲՀԿ-ի տրոհման արդյունքն է, բայց խոսում են համախմբման անհրաժեշտության մասին: Ինչպես ասում են` «նե վերյու»»,- ասաց Աշոտյանը:

Նա հավելեց, որ այսօր ամենաազնիվը հայ զինվորն է, որը համախմբվել է բանակի շուրջ, և այդ օրինակը պետք է վարակիչ լինի, և բանակի օրինակով պետք է կարողանանք ստեղծել ուժեղ, մրցակցային պետական ինստիտուտներ:

Հարցին, թե ինչ է անում այսօր իշխանությունը վիրավոր զինվորների համար, Աշոտյանը պատասխանեց. «Որպես Աշոտյան` ինչ արել եմ, քիչ եմ արել, բայց ինչ արել եմ, չեմ պատրաստվում դրա մասին պատմել»: