կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 12:23
Հասարակություն

Առջևում երկար, անզիջում հակամարտություն է. The Washington Post-ը՝ Արցախից

Առջևում երկար, անզիջում հակամարտություն է. The Washington Post-ը՝ Արցախից

The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը հրապարակել է «Ղարաբաղ. վերսկսված հակամարտություն` Կովկասում» հոդվածը:

«Լեռնային Ղարաբաղի ռազմական հրամանատարը երկուշաբթի հարցազրույցի ընթացքում կանխագուշակել էր, որ փխրուն հրադադարը կարող է փլուզվել մի քանի օրից։ Այդ գիշեր Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Ղարաբաղի հյուսիսային հատվածում երկու հայ զինվոր սպանվեց: Կողմերը հրադադարը խախտելու հարցում մեղադրում են միմյանց»,- գրում է Իգնատիուսը:

Նրա խոսքով` «սառեցված հակամարտությունը», որը 22 տարի փակուղային վիճակում էր գտնվում, պայթեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակում սկսեցին 200 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։ Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, բայց, ինչպես երկուշաբթի օրվա գործողությունները ցույց տվեցին, նոր բռնկումը շատ մոտ է թվում։ 

«Ղարաբաղյան հարցն աշխարհի ամենաքիչ քննարկված և ամենադժվար լուծվող խնդիրներից է: Երկամյա պատերազմում հայ բնակչությունը ուժով անջատվեց Ադրբեջանից: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը միջնորդական ջանքեր են գործադրել, սակայն` ապարդյուն: Ադրբեջանը պահանջում է ժամանակին իր սահմաններում գտնվող տարածքի վերադարձ, հայերը պնդում են` չեն հեռանա: Ժամանակի ընթացքում զայրույթը մեղմելու փոխարեն երկու կողմերն ավելի են սրում այն»,- գրել է հեղինակը:

Ըստ նրա` Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է միջնորդել երկարատև խաղաղ կարգավորում, բայց, միաժամանակ, զինում է երկու կողմերին։ Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել ավելի լայն բախումը, բայց քիչ դիվանագիտական լծակներ ունի։  

Իգնատիուսն այնուհետև հիշում է իր` Ղարաբաղ այցը:  «Ես այցելեցի Ղարաբաղ մի քանի այլ օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ։ 90 րոպեանոց թռիչքի ընթացքում ուղղաթիռը մեզ տարավ հրաշալի լեռներից վերև` փարթամ տեղանքով, մեկուսացված անկլավի վրա, որը նշանակում է «Սև այգի»: Իմ կարճ այցի ընթացքում հասկացա`Ղարաբաղը կարծես Կովկասի Շվեյցարիան լինի՝ ոչ միայն լեռներով, այլև կոկիկ փողոցներով, սարի լանջերին գյուղացիական տնտեսություններով և անկախ մարդկանցով»,- հիշում է նա:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր զորքերը չէին սպասում լայնածավալ հարձակման ապրիլի 2-ին, բայց նշել, որ եղել են դրա նշանները: Բացի այդ` Ադրբեջանը համալրում էր իր զինանոցը նոր ռուսական տանկերով, իսրայելական անօդաչուներով ու թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմական դաշնակցությամբ», չէր ակնկալում Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում։

Լեւոն Մնացականյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ հայկական կողմը կարող է պաշտպանել Արցախն առանց Ռուսաստանի օգնության: «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ունեցած սպառազինությունը և մեր զորքերի պատրաստությունը թույլ են տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք»,- սյունակագիրը մեջբերել է ԼՂՀ պաշտպանության նախարարի խոսքերը:

Իգնատիուսը ներկայացրել է նաև շարքային արցախցիների հետ շփումներից իր տպավորությունները: Նրա խոսքով` Արցախում ինքը նկատել է աճող ռազմական տրամադրությունները:    

Հեղինակը նաև զրուցել է անցյալում հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում ներգրավված ակտիվիստ Կարեն Օհանջանյանի հետ, ով պատմել է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի հետ հնարավոր հաշտեցման վերաբերյալ իր տեսակետը փոխվել է: «Նախքան քառօրյա պատերազմը նա փորձում էր օգնել Ադրբեջանի հետ երկխոսության հաստատմանը: Այժմ նա ասում է, որ ցանկանում է, որպեսզի հայկական զորքերը ոչնչացնեն Ադրբեջանի տնտեսական թիրախները»,- գրում է Իգնատիուսը`մեջբերելով Օհանջանյանի խոսքերը. «Վերջին ամսում արցախահայերը կորցրին բոլոր պատրանքները»:   

Թերթը զրուցել է նաև Ստեփանակերտի մամուլի ակումբի տնօրեն Անահիտ Դանիելյանի հետ: Նա տեղեկացրել է, որ մինչ պատերազմը ինքը մշտապես կապի մեջ է եղել ադրբեջանցի լրագրողների հետ, սակայն այժմ սկսել է զգալ Ադրբեջանում իր գործընկերների ատելությունը: «Այս նոր պատերազմը ինչ-որ կերպ փոխել է մեր`միմյանց նկատմամբ ընկալումները»,- զրույցի ընթացքում նշել է Դանիելյանը:  

Հոդվածի վերջում հեղինակը ներկայացրել է նաև դեպի օդանավակայան տանող իր ճանապարհը: «Դեպի օդանավակայան տանող ճանապարհին կարելի է տեսնել ազգային հուշարձան` տարեց կնոջ և տղամարդու քարե հուշարձանը: Երևում են միայն նրանց գլուխները, իսկ մարմինները թաղված են հողում: Ազգային հուշարձանի պաշտոնական անունն է` «Մենք ենք մեր սարերը»: Հուշարձանի թաքնված ուղերձն է. «Մենք այստեղից չենք գնալու: Առջևում երկար, անզիջում հակամարտություն է»,- եզրափակել է սյունակագիրը:

Թարգմանությունը` Ա. Գայմագամյանի