կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 12:42
Հասարակություն

Մենք պետք է աղքատների խնդիրների վրա սևեռվենք, ոչ թե աղքատության թեմատիկան ծամծմենք

Մենք պետք է աղքատների խնդիրների վրա սևեռվենք, ոչ թե աղքատության թեմատիկան ծամծմենք

Տեղեկացրել էինք, որ 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկել է Aurora dialogues քննարկումները։ Առաջին նիստի ժամանակ քննարկվեց «Հումանիտար հիմնախնդիրների իրադրությունն աշխարհում» թեման։ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, «Նոբելյան» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ այս պահին ամենաշատ փախստականներ ունի Սիրիան, որի պատճառը, բնականաբար, պատերազմն է։ «Սիրիայում իրավիճակը չի կարգավորվում, քանի որ իշխանությունը չի ցանկանում հրաժարվել իր աթոռներից, իսկ երկրորդ պատճառը ժողովրդավարության բացակայությունն է։ Արևմուտքն, այո, մեղավոր է, բայց ամբողջ մեղքը բարդել Արևմուտքի վրա էլ, ճիշտ չէ»,-ասաց Էբադին։

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին էլ նշեց, որ որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ զգայուն է այս թեմատիկայի հանդեպ։ Ըստ նրա՝ մեր անվտանգությունը գալիս է ոչ թե ոստիկաններին ապավինելուց, այլ՝ աշխարհում տիրող իրավիճակից։ «Բոլորս գիտենք, որ մարդու իրավունքների խախտումները պատճառ և հետևանք են հանդիսանում տարբեր գործոնների, որոնք ներառում են վատ կառավարում, բազմակարծության կիրառումը բացասական առումով, բախումներ առաջացնելը։ Երբեմն պետություններն անտեսում են իրենց պատասխանատվությունը հաշվետու լինելու հարցում, որն էլ մարդու իրավունքների խախտման համար լավ հող է պատրաստում։ Մարդու իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց համակարգի կառուցման և ոչ միայն տվյալ երկրի քաղաքականության մեջ այն պետք է ընդգրկվի, այլ ամբողջ աշխարհում»,-ասաց Ջիլանին։

 Ըստ նրա՝ աղքատությունը մի իրավիճակ է, որը պետք է փոփոխվի, և մենք պետք է աղքատների վրա սևեռվենք, ոչ թե թեմատիկան անընդհատ ծամծմենք․«Աղքատությունն ուղղակի ճգնաժամային հարց չէ, աղքատությունը մարդիկ են։ Փախստականների ներկայությունը որևէ երկրում չպետք է օգտագործել տվյալ երկրի քաղաքական հարցերը լուծելու համար, քանի որ փախստականներն էլ մարդիկ են, ոչ թե ուղղակի սուբյեկտ՝ ձեր հարցերը լուծելու համար»։