կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 13:35
Հասարակություն

Հիմա էլ աղքատների ու հարուստների գերեզմանատներ ե՞ք ուզում. Արծվիկ Մինասյան

Հիմա էլ աղքատների ու հարուստների գերեզմանատներ ե՞ք ուզում. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում ընթանում են «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններին ու լրացումներին նվիրված խորհրդարանական լսումներ: Օրինագծում խոսվում է նաեւ մասնավոր գերեզմանատներ ստեղծելու մասին:

 

Այդ կապակցությամբ իր մատհոգությունը հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ի՞նչ է, ուզում ենք հիմա էլ աղքատների ու հարուստների գերեզմանատնե՞ր ունենալ: Շատ լուրջ խնդիրներ կան, բայց արդյո՞ք այս նախագծով մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել, թե՞ միայն մասնավոր գերեզմանատներ ունենալու հարցն է: Սա է ինձ մտահոգում: Բացի այդ, ես լուրջ մտահոգություններ ունեմ նաեւ այն խնդրի հետ, թե որքանո՞վ է նպատակահարմար հուղարկավորության հետ կապված ամենը տալ մասնավորին»,- հայտարարեց նա:

 

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, կարծում է, որ դա կհանգեցնի ոլորտի առողջացման, մրցակցություն կսահմանվի, գներն ավելի մատչելի կլինեն: Նա ներկայացրեց «միջազգային փորձը»:

 

«Դուք ամեն ինչը հաշվի եք առել` եվրոպական, միջազգային փորձ, բայց հաշվի չեք առել հայկական ավանդույթը: Գերեզմանը սրբություն է մեր ազգի համար, երբ բիզնես գաղափարը մտցնում եք, արդյո՞ք Ձեզ մոտ կան այդ ազդեցության գնահատումները` սոցիալական, բնապահպանական, բարոյահոգեբանական»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը: Նա նաեւ հետաքրքրվեց, թե ամբողջական հայեցակարգ կա՞ ոլորտի վերաբերյալ: Առկա նախագծերը, ըստ նրա, քննարկման ենթակա չեն: Դաշնակցական պատգամավորն առաջարկեց հայեցակարգային մակարդակով դրանք ներկայացնել: «Կիսատ-պռատ բերել եք, սերունդների մեջ համերաշխությունն էլ եք վերացնում»,- իր մտահոգությունը հայտնեց Մինասյանը: