կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 17:40
Տնտեսական

ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում

ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում՝ ԱԱՀ մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, որով նախատեսվում է արտոնության կիրառման առումով նշումներ կատարել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները տրամադրողների և նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները ստացողների միջև կնքվող պայմանագրերում:

Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնությունները ծրագրային նպատակներին և դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

Նախապես արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի որակումը մասնագիտական հանձնաժողովի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհները ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ: Մի շարք գերատեսչությունների կողմից իրականացվում են ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհներ հոդվածով, ինչպես նաև համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են համատեղ ծրագրեր միջազգային դոնոր և մասնավոր կազմակերպությունների հետ:

Նշված ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև միությունների միջոցով, որոնք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակներում ստանում են դրամաշնորհներ նաև միջազգային և մասնավոր կազմակերպություններից:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում)` դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով և արդյունքում վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը:

Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլև բարդանում է տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան և վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Հաշվի առնելով պետական բյուջեից և միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների նպատակային ուղղվածությունը և կարևորելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից ՏՏԶԱԽ նիստերի ընթացքում բարձրացված նշված խնդրի արդյունավետ լուծման ու ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը` գտնում ենք, որ ինչպես պետության, այնպես էլ միջազգային, դոնոր և մասնավոր կազմակերպությունների դրամաշնորհներով իրականացվող/իրականացվելիք ծրագրերի` ԱԱՀ-ով հարկման պարագայում կվտանգվի դրանց հետագա իրականացումը, ուստի անհրաժեշտ ենք համարում ընդունել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: