Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում։
Նրա դիտանկյունից՝ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի երեկվա պահվածքը՝ զարհուրելի:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ, դրանք ընդհանուր քաղաքականության մի մաս են: Դրան գումարեք թուրքական կողմի հայտարարությունները և կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է այլևս, քան պարզապես Արցախը: Այս պարագայում լսել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիևին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիևի ելույթը, քանի որ այն հուզական էր, պարզապես զավեշտալի է»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են հայկական կողմի մեղքով, ևս մտահոգել է ՀՀԿ փոխնախագահին։
«Ալիեւի հայտարարությունների հետևում հստակ երեւում են տանկերն ու թնդանոթները: Եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես մեղավոր այդ պատերազմում: Տարակուսել կարելի է, թե ինչ խայտառակ աներեսությամբ է ՀՀ գործող վերնախավը՝ վարչապետ-արտգործնախարար զույգով, վերաբերվում այն խայտառակ ձախողումներին, որոնք արձանագրվել են արցախյան ուղղությամբ այս իշխանության օրոք»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ բանակցային գործընթացը տանուլ տված իշխանությունն այսօր տանուլ է տալիս նաև քարոզչությունը:
«Ալիեւը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Այն, որ մենք ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, իրականություն է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: