Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նովրուզի օրերին Հայաստանում ավելացել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը և Հայաստանում գտնվող իրանցի զբոսաշրջիկներից մի քանիսն այսօր լրագրողներին պատմեցին, որ Հայաստան ժամանած մեծաթիվ իրանցիների շարքերը մեկ շաբաթից արդեն կսկսեն նոսրանալ:
Դավուդյանի խոսքով`տուրիզմը ՀՀ արդյունաբերության գերակա ճյուղերից է համարվում և մեծ ուշադրութուն պետք է դարձվի հենց այդ ուղղությանը: Նա նշեց նաև, որ Նովրուզը նշելու նպատակով Իրանից տեղաշարժվել է 60 միլիոն բնակիչ. Հայաստան է ժամանել առնվազն տասը հազար իրանցի:
«Իրանում սանկցիաները վերացել են, և քանի որ Թուրքիայում մեծ խնդիրներ կան, պայթյուններ են լինում, իրանցիներն ավելի ապահով երկիր են համարում Հայաստանը և ապահովության առումով մեր երկիրը շատ են հավանում»,- ասաց Դավուդյանը և հավելեց, որ իրանցիները Հայաստան են գալիս տարբեր ճանապարհներով` օդային, ցամաքային: «Օդային ճանապարհով են գալիս և «Զվարթնոց»-ում որևէ խնդիր առաջ չի գալիս: Դժվարությունները ցամաքային ճանապարհին են վերաբերում: Մեղրիից անցումը բավականին դժվար է լինում: Դժվարություններ են ստեղծվում նաև այն դեպքում, երբ իրենց մեքենաներով են գալիս Հայաստան: Քանի որ մեր երկիրը մուտքի վիզա տրամադրում է հենց սահմանին, և եթե սահմանին հասնելը համընկնում է հերթափոխի հետ, այդ ժամանակ դժվարություններ են լինում. տուրիստները ստիպված են լինում բավական երկար սպասել»,- ասաց նա և նշեց, որ կարծում է` այս օրերին մեր ոստիկաններն ու մաքսատան աշխատակիցները պետք է ավելի շատ աշխատեն: Դավուդյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ հայաստանյան մի շարք խանութներում իրանցիների մուտքն արգելել են:
«Տասը հազար տուրիստ է եկել, և դժվար է հիմա, բայց պետք է նկատի ունենանք, որ մեկ շաբաթ հետո նրանք այստեղ չեն լինի: Օրինակ` մեկ ավտոբուսից երեսուն հոգի մտնում է մեկ խանութ և երկու վաճառողուհիները պարզապես չեն կարող պատշաճ սպասարկել: Մեծ խանութներում, մոլերում նման խնդիր չի լինում: Մեկ անգամ էլ եղել է խնդիր, երբ իրանցի կանանցից մեկը մտել է խանութ և ցանկացել է պայուսակ գնել, բայց պայուսակի գնապիտակն այնպիսին է եղել, որ կինը սխալ է հասկացել, զրոներն իրականում ավելի են եղել, և դրամարկղում վճարման ընթացքում խնդիրներ են առաջ եկել»,- ասաց Տիգրան Դավուդյանը:
Մանսուրե Անսարին, ով իրանցի տնային տնտեսուհի է, պատմեց, որ առաջին անգամ 1993 թվականին է եկել Հայաստան և հայերից միայն լավ վերաբերմունք է տեսել: «Ես այստեղի ժողովրդին հարգում եմ շատ, ես խնդիր չեմ ունեցել, հայերն ինչով կարողացել են, ինձ օգնել են: Ես դժվարություն չեմ տեսել»,- ասաց նա:
Մեկ այլ իրանցի կին` Օրքիդե Աբդին, պատմեց, որ իր ամուսնու հարազատները մի քանի անգամ եկել են Հայաստան, և այս տարի իրենք էլ են որոշել գալ ու սեփական աչքերով տեսնել Հայաստանը: «Քանի որ նորանկախ է ձեր երկիրը, անգլերենի իմացության պակաս կա, սպասարկման ոլորտում մարդկանց հետ վարվելու ձևի, մոտեցման խնդիր կա: Մենք շատ էինք լսել ձեր երկրի գեղեցիկ ճանապարհների և ոլորանների մասին և որոշեցինք ցամաքով գալ: Հերթապահության փոփոխության ժամանակ սահմանին խնդիրներ եղան»,- նշեց Աբդին և հավելեց, որ հաջորդ տարի կնախընտրի այլ երկիր գնալու տարբերակը: